Փարիզի դատարանը մերժեց Ադրբեջանի կառավարության հայցն ընդդեմ ֆրանսիացի երկու լրագրողների, որոնք Ադրբեջանում տիրող ռեժիմը բնորոշել էին որպես բռնապետություն:
France 2 հեռուստաընկերության լրագրողներ Էլիզ Լյուսեն և Լորան Ռիշարը լուսաբանել էին Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի այցերն Ադրբեջան և Ղազախստան:
2015-ի սեպտեմբերին հեռարձակված հաղորդման մեջ նրանք Ադրբեջանի իշխանությունը բնորոշել էին որպես աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը:
Ադրբեջանի կառավարությունը նրանց դեմ հայց էր ներկայացրել՝ լրագրողներին մեղադրելով Ադրբեջանին վարկաբեկելու մեջ։ Այդ հայցի մասին լրագրողական կազմակերպություններն ասել էին, որ Բաքուն փորձում է իր գրաքննությունն արտահանել Ֆրանսիա։
«Ազատ խոսքի իրավունքով օժտված ֆրանսիացի լրագրողների դեմ դատական գործ հարուցելով՝ Ադրբեջանի կառավարությունը ցուցադրում է քննադատության հանդեպ հանդուրժողականության իսպառ բացակայություն։ Մենք չպետք է թույլ տանք Բաքվին՝ գրաքննությունն արտահանել Ֆրանսիա», - ասել էր «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը։
Իսկ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող Նինա Օգնիանովան ասել էր, որ Ադրբեջանն այժմ ցանկանում է լռեցնել լրագրողներին ինչպես իր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ այս անգամ Ֆրանսիայի իրավապահ համակարգի օգնությամբ։
«Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի իշխանություններին՝ փակել զրպարտության գործը և չօժանդակել Էլիզ Լյուսեին և Լորան Ռիշարին գրաքննելու Ադրբեջանի փորձերին», - հայտարարել էր նա։
Անցած սեպտեմբերին Փարիզի դատարանը նախնական լսումներ էր անցկացրել, իսկ նոյեմբերի 7-ին դատարանը գտավ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ներկայացված հայցն անընդունելի է։
Փարիզի դատարանի որոշումը ողջունել է Ադրբեջանում բանտարկությունից ազատված և Եվրոպա տեղափոխված Արիֆ Յունուսը։ Ադրբեջանցի իրավապաշտպանը, հիշեցնելով, որ մասնակցել է սեպտեմբերին կայացած նախնական լսումներին, Ֆեյսբուքի իր էջում գրել է. - «Եվ ահա դատարանը վերջապես հրապարակեց իր վճիռը, ըստ որի՝ Ադրբեջանում իշխող ռեժիմը կարելի է կոչել բռնապետություն, իսկ Իլհամ Ալիևին՝ բռնապետ»։
Տե՛ս նաև այստեղ