«Իհարկե բանակն ու բանակաշինությունը շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության համար, բայց մենք գտնում ենք, որ կրթությունն ու գիտությունը ոչ պակաս կարևոր են», - «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տարկետման իրավունքի սահմանափակմանը դեմ արտահայտվող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը։
Նրա համոզմամբ, կրթությունը և գիտությունը կարող են պրակտիկ նշանակություն ունենալ հենց բանակաշինության գործում։
Նախաձեռնության մեկ այլ անդամ Դավիթ Պետրոսյանի համոզմամբ, բանակից հետո նյութական խնդիրների պատճառով բնական, օբյեկտիվ խնդիրներ են առաջանում, ինչն ազդում է կրթություն ստանալու պրոցեսի վրա։
«Կան մարդիկ, ովքեր բանակից հետո եկել են, սովորում են, կան մարդիկ, ովքեր բանակից հետո եկել են ու գնացել են Ռուսաստան՝ խոպան», - ասաց Պետրոսյանը։
Դիտարկմանը, թե այդ մարդիկ գուցե չեն ուզում կրթությամբ և գիտությամբ զբաղվել, նախաձեռնության անդամը հակադարձեց. - «Ոչ, ոչ, սոցիալական խնդիրներից ելնելով, աշխատելու հետ կապված տարբեր խնդիրներից ելնելով։ Բանակում ծառայած յուրաքանչյուր մարդ թող ասի՝ իր մոտ ինչ աշխարհայացքային փոփոխություններ են լինում»։
Հարցին՝ եթե չգնային բանակ, խոպան չէ՞ին գնալու, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. - «Տղան, որ բանակից գալիս է՝ 20 տարեկան, որոշակի աշխարհայացքային փոփոխություններ են նրա մոտ լինում, նա ցանկանում է աշխատել, ընտանիք կազմել, նա մի քիչ ավելի շատ շտապում է, նյութական տարբեր խնդիրներից ելնելով բնական, օբյեկտիվ խնդիրներ են առաջանում, որն ազդում է մարդկանց կրթություն ստանալու պրոցեսի վրա»։
Նշենք, որ երեկ նախաձեռնության անդամներն ու ԵՊՀ մի խումբ ուսանողներ դասադուլ էին անցկացնում՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և կրթության նախարար Լևոն Մկրտչյանի հետ։ «Ազատության» զրուցակիցները փոխանցեցին, որ այդ պահանջը մերժվել է, փոխարենը՝ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանության նախարարության անունից հրավիրել է մի հանդիպման, որին ներկա են լինելու գրեթե բոլոր բուհերի ուսանողական խորհուրդներից ներկայացուցիչներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասնակիցներ։ Նախաձեռնության անդամների խոսքով՝ հանդիպմանը նախաձեռնությունից միայն իրենց երկուսին են հրավիրել, իրենք էլ մերժել են առաջարկը։
«Մենք առաջարկեցինք նախաձեռնության անդամներից առնվազն տասը հոգով ներկայանալ հանդիպմանը, մեր առաջարկությունը մերժվեց, հիմա մենք Վիգեն Սարգսյանին հրավիրում ենք այսօր առավոտյան Երևանի պետական համալսարան՝ մեր ամբողջ նախաձեռնության անդամների հետ հանդիպման։ Եթե ինքն իրականում մտահոգված է ուսանողների ձայնը լսելով, ապա, կարծում եմ, շատ լավ առիթ կլինի հանդիպել մի քանի հարյուր ուսանողների հետ և լսել նրանց կարծիքը», - ասաց Վահան Կոստանյանը։
Հարցին, թե ապրիլյան պատերազմի մասնակիցներին ինչո՞ւ են կանչել հանդիպման, ի՞նչ կապ ունեն նրանք ուսանողների հետ, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. - «Սա կիմանանք, երբ որ իրենց հանդիպումը վերջանա։ Սա պայքարի կեղտոտ մեթոդ է, երբ որ դու փորձում ես երիտասարդությանն օգտագործելով՝ մեզ համար սրբությունը՝ բանակը և զինվորին հանես իրար դեմ։ Եթե մարդիկ մտածում են այն մասին, որ մենք ունենք արտաքին լուրջ խնդիր, ունենք պաշտպանական խնդիրներ, մի՞թե այդ մարդիկ չեն մտածում, որ երիտասարդներին իրար դեմ հրահրելով մենք ավելի լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ»։
Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց օրինագիծը։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.