Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավոր․ Բյուջեի նախագիծն «ապասոցիալական է»


Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը («Ելք»):
Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը («Ելք»):

Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծին այսօր կողմ արտահայտվեցին իշխող կոալիցիայի անդամ Հանրապետականի և Դաշնակցության ներկայացուցիչները, դեմ էր միայն «Ելք»-ից Մանե Թանդիլյանը: «Ծառուկյան» դաշինքից Տատյանա Միքայելյանը ձեռնպահ քվեարկեց:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության ներկայացրած հաջորդ տարվա բյուջեի նախագիծն «Ազատության» հետ զրույցում «ապասոցիալական» որակեց։

Պատգամավորը թվարկեց սպասվող թանկացումներն ու եզրահանգեց, որ Հայաստանում կարող են ավելանալ աղքատները․ - «Կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը, նպաստները․․․ բարձրացում չի լինելու: Բոլորս հասկանում ենք, որ գնաճը արդեն տեղի է ունենալու 2018 թվականից սկսած, եթե չասեմ, որ հենց հիմա տեղի ունի, բայց 18-ից արդեն պաշտոնական: Նաև ԵԱՏՄ-ին միանալով բազմաթիվ առաջին անհրաժեշտության պարագաներ են թանկանալու: Ըստ էության, կտրուկ ընկնելու է մարդկանց կենսամակարդակը: Եվ աղքատության այն տոկոսը, որի մասին այդքան բոլորս խոսում ենք, որ ամեն երրորդը մարդը [աղքատ է], դա կարա և ավելանա»:

Թանդիլյանը կասկածում է, որ կառավարությունը հաջորդ տարի կարող է ապահովել խոստացած 4.5 տոկոսանոց տնտեսական աճը․ - «Գնաճը, որի արդյունքում մարդիկ սպառման հնարավորություն չեն ունենալու, այդ առումով տնտեսությունը այդքան առաջանցիկ չի կարող զարգանալ: Եվ ես կարծում եմ, որ իրանք շատ լավատես են այդ առումով»:

2018-ի բյուջեի նախագծով նախատեսված է ապահովել 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ և 1 տրիլիոն 464 միլիարդ ծախս, նաև՝ 4.5 տոկոս տնտեսական աճ:

«Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ թվերից բացի, գոյություն ունի իրական կյանք, իսկ մարդկանց սոցիալական խնդիրները ներկայացված նախագիծով չեն լուծվի․ - «Էսօր կա շարունակական գնաճ, առաջին անհրաժեշտության ապրանքների գների էական բարձրացում, չկա աշխատավարձի բարձրացում, չկա կենսաթոշակի բարձրացում, սոցիալական պաշտպանությանը նվիրված ծախսերը նվազել են շուրջ 367 միլիոն դրամով, հիմա ես անունը ի՞նչ դնեմ, որ լավատեսություն դրսևորեմ: Ես չե՞մ տենսում ինչ ա կատարվում․․․ մարդիկ սոված են, հաց չունեն ուտելու, ինչի՞ մասին ա խոսքը, ի՞նչ թվերի մասին: Ինչ ուզում են, թող նկարեն, ես չեմ հավատում այդ թվերին»:

Հակադարձելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի երեկվա հայտարարությանը, թե կենսաթոշակը 1000 դրամով ավելացնելու համար հավելյալ 5 միլիարդ դրամ է անհրաժեշտ՝ Պետրոսյանը հայտարարեց․ - «Իշխանության եք եկել,բարի եղեք ապահովել քաղաքացու արժանապատիվ գոյությունը։ Արդեն սկսել ա միջին խավը Հայաստանից հեռանալ: Սա մեր ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդիր ա: Հայաստանում մնացել են ամեն ինչ ունեցողներ և ոչինչ չունեցողներ: Հիմա էս ամեն ինչ ունեցողները, պետական կամքի բացակայություն եմ ես տեսնում, որպեսզի կարողանան ճիշտ կազմակերպել էս ոչինչ չունեցողների կյանքը»:

Նա նաև ընդգծեց, որ բյուջեի նախագծով չեն ավելացել կրթության ու գիտության հատկացումները․ - «Ի վերջո, եթե մենք ասում ենք Հանրապետության նախագահի մակարդակով, որ Հայաստանում պետք է շեշտը դրվի գիտելիքահեն տնտեսության վրա, որ Հայաստանի ապագան առանց որակյալ կրթության մշուշոտ է․․․ բա ո՞ւր մնացին էդ կարգախոսները: Այսինքն բյուջեի նախագիծը հակասում է այդ բյուջեն ներկայացրած կառավարության, քաղաքական ուժի ղեկավարի դիրքորոշումների՞ն»:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ի պատասխան ընդդիմադիրների քննադատության՝ հայտարարում է, թե կառավարությունը իրատեսական բյուջե է ներկայացրել՝ պետության հնարավորությունների չափով․ - «Հանրությանը մենք պետք է ասենք այն, ինչը որ ունենք: Եվ ամպագոռգոռ խոստումներով, բառերով կերակրելը, և հետո փաստի առաջ կանգնելը և արդարանալը․․․ Բնականաբար, այսօրվա կառավարությունը կարող էր ներկայացնել շատ գեղեցիկ բյուջե և հետո՝ հաշվետվության ժամանակ, շատ արդարացնող պայմաններ կարող էր բերել, որ, գիտեք, եթե չլիներ այս, եթե չլիներ միջազգային ազդակները, ներքաղաքական լարվածությունը կամ ինչ-որ բաներ, մենք կարող էինք կատարել մեր բյուջեն: Այստեղ թիրախավորված են այն կետերը և այնպիսի տողեր են գրված, որ նաև չեն կարող արդարացնել նման արդարացումները, որը կարող են, Աստված ոչ արած, հետագայում, որ մենք ունենանք խնդիր, որ արդարանալու կարիք լինի»:

Կառավարության խոստացած 4.5 տոկոսանոց տնտեսական աճի ապահովումը Բաղդասարյանը իրատեսական է համարում։ Հիմնական աղբյուրները, նրա խոսքով, ներդրումներն են լինելու․ - «Առաջին հերթին այդտեղ մենք պետք է հիմքեր ստեղծենք, որ ռիսկայնությունը պակասի Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու համար, մարդիկ կաշկանդված չլինեն՝ կոռուպցիոն ռիսկեր, մենաշնորհներ և այլն: Պայքարը դրա դեմ: Մենք պետք է այդ արդյունքները, որ արդեն շոշափելի լինեն, միջազգային հանրությունը, ներդրողները պետք է զգան, որ այստեղ բիզնեսի համար նպաստավոր պայմաններ են, և մենք շահագրգռելով կարողանանք ներդրումների ցանկը ավելացնել»:

ՀՀԿ-ի ղեկավար անդամը պնդեց, թե հաջորդ տարվա ապրիլից, եթե նույնիսկ Կարապետյանը չլինի երկրի վարչապետը, բյուջեի կատարումը վտանգված չէ․ - «Անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը, դա մեր թիմն է, և մենք մեր թիմով պետք է այս ծրագրերն իրականացնենք»:

Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծին այսօր կողմ արտահայտվեցին իշխող կոալիցիայի անդամ Հանրապետականի և Դաշնակցության ներկայացուցիչները, դեմ էր միայն «Ելք»-ից Մանե Թանդիլյանը: «Ծառուկյան» դաշինքից Տատյանա Միքայելյանը ձեռնպահ քվեարկեց:

Դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, թե խմբակցությունը լիագումար նիստում բյուջեի նախագծի քվեարկության վերաբերյալ որոշում չունի, սակայն նշեց․ - «Դատելով մեր պատգամավորների ելույթներից՝ կարող եմ ենթադրել, որ լինելու է բացասական»:

Բյուջեի նախագծի քննարկումը լիագումար նիստում նախատեսված է առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG