Աշխարհի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկը` իռլանդական U2 խմբի առաջատար Բոնոն, դեռ երկար կհիշի նոյեմբերի 5-ը` այն օրը, երբ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» հրապարակեց օֆշորային գոտիներին նվիրված հերթական հետաքննության արդյունքները:
Տարբեր երկրներ ներկայացնող բազմաթիվ քաղաքական ու պետական գործիչների հետ մեկտեղ «Դրախտային դոսյե» անվանումը ստացած այս ծավալուն զեկույցում տեղ է գտել նաև Բոնոյի անունը: Հետաքննող լրագրողներին հաջողվել է պարզել, որ իռլանդացի երաժիշտը հանդիսացել է 2000-ականների կեսերին Մալթայում ստեղծված Nude Estates ընկերության հիմնադիրներից մեկը: Այդ նպատակով նա օգտագործել է իր իրական անունը` Փոլ Դևիդ Հյուսոն:
2007 թվականին Nude Estates-ը 6 միլիոն եվրոյով գնել է Լիտվայի մայրաքաղաքից շուրջ 100 կիլոմետր հյուսիս գտնվող «Աուշրա» առևտրի կենտրոնը: 2012 թվականին արդեն առևտրի կենտրոնի կառավարումը հանձնվել է Nude Estates 1 ընկերությանը, որը գրանցված էր Գերնսի կղզում:
«Մալթայի և Գերնսիի ընտրությունը որպես ընկերությունների գրանցման վայր պատահական չէ: Մալթայում օտարերկրյա ներդրողների կողմից ստեղծված ընկերությունների շահութահարկը ընդամենը 5 տոկոս է կազմում: Գերնսի կղզում հարկեր չկան ընդհանրապես», - գրում է լոնդոնյան Guardian-ը:
Երգչի խոսնակը թերթին փոխանցել է, որ երկու ընկերություններում էլ Բոնոյին է պատկանել բաժնետոմսերի միայն մի մասը, և որ նա ակտիվորեն ներգրավված չի եղել այդ ընկերությունների կառավարման գործում: Բրիտանական մամուլում, սակայն, արդեն երրորդ օրն է ինչ հրապարակումներ են հայտնվում, որտեղ հոդվածագիրները Բոնոյի վարքագիծը երեսպաշտություն են որակում:
«Վերջերս էր, որ Բոնոյի հիմնադրած ONE կոչվող հասարակական նախաձեռնության անդամները Բրյուսելում` Եվրախորհրդարանում ծավալված քննարկման շրջանակներում, խստորեն քննադատում էին օֆշորային գոտիները: Բոնոյի ստեղծած կազմակերպությունը պնդում է, որ եթե օֆշորային գոտիներ գոյություն չունենային, ապա շատ ավելի մեծ գումարներ կծախսվեին ծայրահեղ աղքատության, սովի և համաճարակների դեմ պայքարի նպատակով», - գրում է լոնդոնյան Daily Mail պարբերականը՝ հեգնելով․ - «Վերջին բացահայտումներից, սակայն, պարզ դարձավ, որ 57-ամյա Բոնոն ինքը բավական խորը գիտելիքների է տիրապետում օֆշորային գոտիների մասին»:
Սա Բոնոյի և նրա հիմնադրած U2 ռոք խմբի շուրջ հարկային առաջին սկանդալը չէ: Դեռ 2006 թվականին երաժիշտները իրենց հիմնադրած ընկերությունների մի մասը վերագրանցել էին Նիդերլանդներում, որտեղ հարկերն ավելի ցածր էին, քան Իռլանդիայում:
«Մենք շատ մեծ ծավալի հարկեր ենք մուծում: Բայց դա չի նշանակում,որ եթե դու բարեգործ ես և ակտիվիստ, ապա գործարար կյանքում անպայման պետք է հիմար լինես», - պատասխանելով այդ քննադատությանը՝ նշել էր Բոնոն Sky News-ին տված հարցազրույցում: