Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը մատնանշում է, որ իր գործով առանցքային վկան հաշվառված է հոգեբուժարանում


Մեկ տարուց ավելի ազատազրկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վարդան Գրիգորյանին՝ պնդելով, որ վերջինս ընդգծված բացասական վերաբերմունք ունի իր նկատմամբ և զրկում է իրեն պաշտպանվելու իրավունքից:

Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց անցյալ տարվա հուլիսին՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու մտադրության մեղադրանքներով։

Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ նախորդ նիստին, երբ հարցաքննվում էր վկա Գեղամ Սահակյանը, որի ցուցմունքի հիման վրա է կառուցվել գործը Ղուկասյանի դեմ և ով հաշվառված է հոգեբուժարանում, դատավորը թույլ չտվեց պաշտպանական կողմին կարդալ վկայի նախաքննության փուլում տված ցուցմունքը՝ կողմնակալ վերաբերմունք դրսևորելով:

Փաստաբանի պնդմամբ՝ երկու ցուցմունքների միջև կա էական տարբերություն և վկա Սահակյանը ի սկզբանե սուտ և ուղղորդված ցուցմունք է տվել: Մեժլումյանը հայտարարեց, որ առարկում է դատարանի ապօրինի գործողությունների դեմ, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ գործի «դիրիժորը» մեղադրող կողմն է:

«Նախագահող դատավոր Վ․ Գրիգորյանը կրկին անգամ ցույց տվեց, որ նա անկողմնակալ չէ և փաստացի հանդես է գալիս մեղադրանքի կողմից», - հայտարարեց Մեժլումյանը:

Միջնորդությանը միանալով՝ Անդրիաս Ղուկասյանը ավելացրեց՝ մեղադրական կողմի հիմնական վկա Գեղամ Սահակյանի ցուցմունքը քաղաքական նշանակություն ունի: Նրա խոսքով՝ իր դեմ ցուցմունք տվող վկաների մի մասը ոստիկան է, մյուս մասն էլ ուղղակի կապ ունի ոստիկանության հետ: Մատնանշելով Գեղամ Սահակյանին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց, որ դատավորը նաև թույլ չտվեց պաշտպանական կողմին այս հանգամանքը բացահայտել:

«Դատարանի դիրքորոշումը, ըստ ինձ, թելադրված է եղել ոչ թե ողջամիտ մտածելակերպով, ոչ թե արդարադատության շահերով, այլ քաղաքական ազդեցությամբ», - պնդեց Ղուկասյանը: - «Որովհետև ո՞ւմ ձեռք չի տալիս բացահայտել այդ հանգամանքը, որ էապես փոխվել է Գեղամ Սահակյանի ցուցմունքը: Իհարկե՝ իշխանություններին: Իշխանությունները ի վիճակի չեն լինելու վաղը բացատրել միջազգային հանրությանը՝ ինչպե՞ս ստացվեց, որ այն, ինչ ներկայացված էր որպես արժանահավատ ապացույց, որի հիման վրա քաղաքական գործչին մեկ տարի պահում են կալանքի տակ, իրականում շիզոֆրենիայով հիվանդ մարդու հակասական, սուտ, կիսատ-պռատ ցուցմունքների արդյունքն է»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդությանը: Դատավոր Վարդան Գրիգորյանն էլ, 3 ժամից խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց այն: - «Դատարանը դատավարության մասնակիցներից որևէ մեկի կողմում հանդես չի գալիս, այլ հանդես է գալիս իրավունքի շահերից», - պնդեց նա:

Այսօր ակնկալվում էր գործով մեկ այլ առանցքային վկայի՝ Արտակ Մկրտչյանի հարցաքննությունը: Նախաքննության ժամանակ այս վկան ասել էր, թե լսել է՝ ինչպես է Ղուկասյանը կոչ արել քարեր հավաքել ոստիկաններին հարվածելու համար: Ավելի վաղ Ղուկասյանը դատարանից պահանջել էր վերծանել իր դեմ ցուցմունք տված այս վկայի հեռախոսային խոսակցությունները, ինչ մերժվել էր: Ի դեպ՝ այսօր դատարանն ընդհանրապես թույլ չտվեց Ղուկասյանին այլ միջնորդությամբ հանդես գալ: Դատավորը հետաձգեց նաև վկաների հարցաքննությունը՝ պատճառաբանելով, թե պաշտպանական կողմը լարված ու նյարդային պայմաններ են ստեղծել:

Փաստաբաններ Կարեն Մեժլումյանն ու Ինեսա Պետրոսյանը, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով դատավորի պահվածքը, ասացին, թե սպասում էին իրադարձությունների այսպիսի ընթացք, քանի որ, ըստ նրանց՝ ապօրինությունների դիմելուց հետո դժվար է վատ չզգալը:

«Մի բան ակնհայտ է՝ դատավորները ևս մարդիկ են և քաջ գիտակցելով ինչպիսի անօրինականության են գնում, իրենց էլ է շատ դժվար կատարել այդ անօրինական հրահանգները, պատվերները, որոնք իրենք ստանում են վերևներից», - նշեց Ինեսա Պետրոսյանը: - «Այս իրավիճակում ճիշտ կլիներ, որ նա ոչ թե այսպիսի հայտարարությամբ հանդես գար, որ՝ նյարդայնանում է, այլ ուղակի ինքնաբացարկն ընդուներ և հեռանար այս գործից»:

Անդրիաս Ղուկասյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG