Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր քառօրյա այցով մեկնում է Միացյալ Նահանգներ՝ երկկողմ աննախադեպ դիվանագիտական ճգնաժամը հարթելու համար:
Արդեն շուրջ մեկ ամիս է՝ Միացյալ Նահանգները դադարեցրել է Թուրքիայի, Թուրքիան էլ՝ Միացյալ Նահանգների քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Հարաբերությունները սրվեցին, երբ Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին ամերիկյան հյուպատոսության աշխատակիցներից մեկին՝ լրտեսության և Նահանգներում գտնվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ համագործակցելու մեղադրանքով: «Ամերիկան այսօրինակ քայլերը չի ներում և չի մոռանում», - հայտարարեց Թուրքիայում Նահանգների դեսպանը:
Չնայած այդ զգուշացումներին՝ Անկարան չընկրկեց: Ավելին, նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Նահանգները պարտավոր է հաշվի նստել Թուրքիայի ու թուրքական դատարանների կայացրած որոշման հետ: «Եթե Վաշինգտոնը չի ընդունում Թուրքիայի Հանրապետությունն այնպես, ինչպես որ կա, ուրեմն, մենք ձեր կարիքը չունենք: Մենք ցեղախումբ չենք և ոչ էլ այդպիսի պետություն: Սա Թուրքիայի Հանրապետությունն է, և դուք դա պետք է ընդունեք», - ասաց Էրդողանը:
Երբեմնի դաշնակից երկրների հարաբերություններում նաև այլ կնճռոտ հարցեր կան: Արդեն շուրջ մեկ տարուց ավելի Անկարան Վաշինգտոնից պահանջում է արտահանձնել Էրդողանի ընդդիմախոս, այժմ Փենսիլվանիայում բնակվող Ֆեթուլահ Գյուլենին, ում հայրենիքում մեղադրում են անցած տարի իրականացված հեղաշրջման փորձը կազմակերպելու համար: Վաշինգտոնը, սակայն, չի համաձայնում Գյուլենին արտահանձնել՝ պահանջելով հավելյալ փաստեր ու ապացույցներ:
Կրքերը է՛լ ավելի թեժացան, երբ ամերիկացի դատախազները քրեական մեղադրանք առաջադրեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահներին՝ մայիսին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին ծեծելու համար:
Տարաձայնությունները, սակայն, այսքանով չեն ավարտվում: Անկարան հրապարակավ քննադատում է նաև Իրաքի քրդերին զինելու՝ Վաշինգտոնի քաղաքականությունը, պնդելով, թե իր սահմանի մոտ ակտիվացած քրդերը կարող են սպառնալիք դառնալ Թուրքիայի անվտանգության համար:
Վիճահարույց այս հարցերը քննարկելու համար, ըստ հաղորդումների, Թուրքիայի վարչապետը կհանդիպի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ: Թուրքական պատվիրակության կազմում Վաշինգտոն կմեկնեն նաև փոխվարչապետն ու արտգործնախարարը: