Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Ինդիանան դարձավ Ամերիկայի 48-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։

Ըստ աղբյուրի, Ինդիանայի նահանգապետ Էրիկ Հոլքոմբի ընդունած հատուկ հայտարարությունը հիշատակում է Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից շուրջ երեք միլիոն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը:

Հոլքոմբի խոսքով՝ այդ հանցագործությունը դեռ արդարություն է պահանջում:

Ինդիանայի կառավարության կողմից ընդունված հայտարարությունում նշված է անցյալ և ընթացիկ դարերում իրար հաջորդած ցեղասպանությունների մասին` Հայոց ցեղասպանությունից մինչև Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, եզդիների ու այլ փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած ցեղասպանությունը։

«Ճանաչելով ու մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոսթը և շարունակվող ցեղասպանությունները, մենք օգնում ենք պաշտպանել պատմական հիշողությունը, որպեսզի այլևս չկրկնվեն նման վայրագությունները», - ընդգծել է Ինդիանայի նահանգապետը։

Բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից, Էրիկ Հոլքոմբը նոյեմբերի ընթացիկ շաբաթը հայտարարել է հայաճանաչության շաբաթ:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, Ինդիանայի հայկական համայնքի ներկայացուցիչները ողջունել են նահանգապետի քայլը՝ նշելով, որ այդ հայտարարությունը հիշեցում է ոչ միայն Ինդիանայի քաղաքացիների, այլ նաև Թուրքիայի կառավարության համար, որն ավելի քան մեկ դար ժխտում է ցեղասպանությունը ու փորձում է «պատանդ պահել ճշմարտությունը»։

Այսպիսով` ավելի քան կես միլիոն հայազգի բնակչություն ունեցող և հայկական երկրորդ ամենամեծ գաղթօջախը համարվող Ամերիկայի 50 նահանգներից 48-ը՝ բացի Ալաբամայից և Միսիսիպիից, ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։

Անցած դարի 60-ական թվականներից ի վեր Ամերիկայի հայ համայնքը պայքարում է, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ճանաչի մեկուկես միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն և դատապարտի ոճիրը։ Սակայն Սպիտակ տան ղեկավարները հիմնականում խուսափել են ցեղասպանություն եզրը գործածելուց և իրենց աջակցությունն առաջարկել հայերի և թուրքերի հաշտեցման գործում։ ԱՄՆ 44-րդ և 45-րդ նախագահներ Բարաք Օբաման ու Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի իրենց ուղերձներում օգտագործել են հայերեն Մեծ Եղեռն բառակապակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG