Մատչելիության հղումներ

Ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումը «շարունակական աշխատանք է»


Ե՞րբ կբարելավվի ժողովրդի սոցիալական վիճակը: Խորհրդարան եկած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ժամկետներ չի նշում՝ ասելով, թե դա «շարունակական աշխատանք է»:

Բյուջեի նախագծով հաջորդ տարի նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում: Վերջին անգամ ավելացում 2015-ին է եղել։ Նախարար Ասատրյանի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ծրագրերի հատկացումներն ավելացնելու ցանկություն ունեն, բայց հնարավորությունները արտացոլված են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում․ - «Ընդամենը մեկ ծրագիրը՝ կենսաթոշակայինի ծրագիրը, 1000 դրամով ավելացնելը ենթադրում է 5 միլիարդ դրամի ավելացում»:

Խորհրդարանում այսօր շարունակվեցին 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:

Նիկոլ Փաշինյանը («Ելք») նկատեց, որ արդեն 3 տարի կենսաթոշակ, ընտանեկան նպաստ ու նվազագույն աշխատավարձ չի բարձրացվել, իսկ գնաճը՝ հաջորդ տարվա կանխատեսումներն էլ ներառյալ, մոտ 10 տոկոս է կազմել․ - «Երբ որ թոշակներ, նպաստներ, նվազագույն աշխատավարձ չենք բարձրացնում, մենք մարդկանց ի՞նչ ուղերձ ենք հղում․․․ փաստորեն մենք իրանց չե՞նք ասում, որ ևս տասը տոկոսով պետք է ավելի վատ ապրեք: Հիմա մենք ուզում ենք էս 2018 թվականի բյուջեի կատարման արդյունքում մեր աղքատության ցուցանիշը ինչքանի՞ հասցնել»:

Արտեմ Ասատրյանի արձագանքը․ - «Ընթացիկ ծախսերի ավելացումը պարտք ներգրավելու հաշվին, բնականաբար, որևէ մեկիս համար նախընտրելի չէ: Եթե բացառապես միայն կենսաթոշակն ա եկամուտը անձի, այս պայմաններում, բնականաբար, հասկանալի ա, որ էստեղ Ձեր նշած խնդիրը առկա է: Մյուս կողմից, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ամենամեծ ազդեցությունը աղքատության կրճատման վրա ունենում ա տնտեսական աճը»:

«Մենք չենք ասում՝ պարտք վերցրեք, թոշակ ավելացրեք: Մենք ասում ենք՝ երկիրը արդյունավետ կառավարեք, տնտեսական աճ ունեցեք, որպեսզի էդ ցուցանիշներն էլ հնարավոր լինի ապահովել: Բայց քանի որ տասը տարի մոտ մենք աղքատության հաղթահարման հետ կապված կոնկրետ ցուցանիշներ չենք դնում բյուջեի մեջ, նշանակում ա, որ մենք էդ գլխից ընդունում ենք, որ էս բյուջեն աղքատությունը չի կրճատելու», - հակադարձեց Փաշինյանը:

«Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե սոցիալական վիճակի օրեցոր վատթարացմանը զուգընթաց 2018 թվականի բյուջեի նախագծով ավելի քան 360 միլիոն դրամով նվազել են սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը: Ապա հարց ուղղեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին․ - «Ժողովրդի սոցիալական վիճակը վատթարանում է: Եթե էստեղ կա մեկը, որ դա կարող է հերքել, կպնդեմ, որ էդ մարդը ոչ թե Հայաստանում ապրում է, այլ պարզապես Հայաստանում գտնվում է: Հիմա ինչո՞վ ա պայմանավորված, որ ծախսերը նվազում են»:

Ջանջուղազյանի պատասխանը․ - «Ասում եք վատացել ա: Ես պիտի խնդրեմ, որպեսզի ասեք՝ ինչո՞վ: Նվազել ա գործազրկությունը առաջին կիսամյակում․ էն մարդիկ, ովքեր որ առաջ աշխատանք չունեին, հիմա աշխատանք ունեն, իրանք համար, Ձեր կարծիքով, սոցիալական վիճակը վատացե՞լ ա, թե՞ լավացել ա: Այսինքն միայն պնդումը, որ վատացել ա, ես ենթադրում եմ, որ ավելի շատ իր մեջ էմոցիա ա պարունակում, քան թե հիմնավորում»:

«Ամեն ինչ շատ ավելի պարզ ա, քան կարելի ա մտածել», - արձագանքեց Պետրոսյանը: - «Իհարկե, ժողովրդի վիճակը գնալով վատթանում է․ եթե կա օրեցօր շարունակվող գնաճ, եթե չի բարձրանում աշխատավարձը, եթե չի բարձրանում կենսաթոշակը, էդ ի՞նչ հնարքով ա ժողովրդի վիճակը բարելավվում»:

«Սա էի ամենալավ փոխզիջումն ա, որ հնարավոր ա տնտեսության տարբեր ոլորտների, հանրության տարբեր շերտերի միջև գտնել և արտացոլել «Բյուջեի մասին» օրենքի նախագծում: Դուք չեք կարող մտածել սոցիալական խնդրի մասին, եթե չունեք բավարար չափով պաշտպանվածություն: Եթե ձեր պաշտպանվածությունը, մանավանդ մեր երկրի պայմաններում խոցելի է, ապա մնացած բոլոր խնդիրները դառնում են երկրորդական: Մեր ընկալումը, համենայն դեպս, էդպիսին ա: Սա օրինակներից մեկն ա», - իր հերթին արձագանքեց Ջանջուղազյանը:

Նիկոլ Փաշինյանն այսօր նաև հայտարարեց՝ ժողովրդագրական լուրջ խնդիր ունենք, և առաջարկեց առաջին և երկրորդ երեխաների համար տրվող նպաստը 50 հազարից դարձնել 500 հազար: Նա թվեր հրապարակեց․ աճել են 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխաների ծնելիության ցուցանիշները, և կարծիք հայտնեց, որ տրվող մեկ-մեկուկես միլիոն օգնությունն է նաև նպաստում դրան:

Այս առնչության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ասատրյանն ասաց․ - «Ցանկացած ավելացում այդ ծրագրի մի քանի տասնյակ միլիարդների մասին ա խոսքը գնում: Ու բնականաբար, պիտի քննարկել․ եթե մենք ունենք էդ մի քանի տասնյակ միլիարդը, որ ուղղությամբ ավելի արդյունավետ կլինի ուղղել»:

«Մենք էս տարի մոտ երկու միլիարդ դրամի ավելացում ունենք: Խոսքը պետական պաշտոնյաների, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների պահպանման հոդվածներում պարգևատրումներ, դրամական խրախուսումներ, հատուկ վճարներ․․․ Ընդ որում երկու միլիարդ դրամ․ այստեղ գրած ա՝ աճը 437 տոկոս: Մյուս կողմից, մենք ասում ենք՝ բա էնտեղ էլ մեծ գումարներ կա: Ես համոզված եմ, որ քաղաքական մոտեցման դեպքում էդ գումարը կգտնվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG