Առնվազն 26 զոհ, այդ թվում՝ երեխաներ, մի քանի տասնյակ վիրավորներ՝ նախօրեին ամերիկյան Թեքսաս նահանգի շուրջ 400 բնակիչ ունեցող Սադերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած հրաձգության արդյունքում:
Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթի խոսքով` սա նահանգի պատմության ընթացքում ամենազանգվածային սպանությունն է: Ոստիկանությունը, սակայն, առայժմ չի շտապում նշել պատճառները, որոնք ստիպել են 26-ամյա Դևին Փաթրիք Քելիին սպանել տեղի բնակիչներին: Հետաքննությունների դաշնային բյուրոն փորձում է նաև պարզել, թե արդյոք նա կապեր է ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ:
Պաշտոնական աղբյուրների համաձայն, «երիտասարդ սպիտակամորթ տղամարդը»՝ 26-ամյա Քելին կիրակի օրը տեղական ժամանակով 11:30 մտել է եկեղեցի, որտեղ այդ պահին կիրակնօրյա ժամերգություն էր ընթանում, և կրակ բացել եկեղեցու այցելուների ուղղությամբ: Զոհվածները 5-ից մինչև 72 տարեկան են: Հանցագործը սպանվել է դեպքի վայրից քիչ հեռու՝ իր մեքենայի մեջ․ առայժմ, սակայն, չի հստակեցվում՝ նա ինքնասպանությո՞ւն է գործել, մահացել է եկեղեցու այցելուներից մեկի պատասխան կրակի՞ հետևանքով, թե՞ դեպքի վայր հասած ոստիկանների կողմից:
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հեղինակը տարիներ առաջ ծառայել է ամերիկյան զինված ուժերում, սակայն խայտառակ ձևով հեռացվել է ծառայությունից՝ կնոջը և մանկահասակ երեխային բռնության ենթարկելու համար, և զինվորական դատարանի կողմից մեկ տարվա ազատազրկման դատապարտվել:
Ամերիկայի դաշնային օրենսդրությունը արգելում է զենքի վաճառքը զինված ուժերից հեռացված անձանց, այդուհանդերձ, ըստ CNN-ի, Քելիին հաջողվել է զենք գնել դատվածության փաստը թաքցնելու շնորհիվ:
Ասիական երկրներ ուղևորված Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանքելով Սադերլենդ Սփրինգսի ողբերգական իրադարձություններին, հայտարարել է, թե ողբերգության պատճառը հարձակվողի հոգեկան խնդիրներն են:
Թեքսասի հարձակումը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում ամենախոշոր զանգվածային սպանությունից ընդամենը մեկ ամիս անց: Հիշեցնենք՝ անցած ամիս Լաս Վեգասում մի տղամարդ հյուրանոցի իր համարից կրակ էր բացել «Քանթրի մյուզիք» բացօթյա փառատոնի հազարավոր հանդիսատեսների վրա, որի հետևանքով շուրջ վեց տասնյակ մարդ սպանվել, մի քանի հարյուրը վնասվածքներ են ստացել: