«Գրեմիի» մրցանակակիր Մարկուս Միլլերը, «Գրեմիի» քառակի մրցանակակիր Գոնսալո Ռուբալկաբան, մերօրյա ամենհայտնի սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը և ուրիշներ, նաև մեր լավագույն ջազմեններից՝ Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը և Վահագն Հայրապետյանը գրեթե մեկ շաբաթ, ինչպես «Ջազի հայկական ասոցիացիայի» նախագահ Կամո Մովսեսյանն է ասում, ջազաֆիկացրել էին մեր մայրաքաղաքը Yerevan Jazz-Fest 2017 միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում կայացած համերգներով:
Դրանք կազմակերպել էր «Ջազի հայկական ասոցիացիան»: Համերգներից մեկն էլ տեղի ունեցավ Գյումրիում՝ հանրապետության երկրորդ քաղաքի ջազի երկրպագուներին ևս հնարավորություն տալով վայելել նախասիրած երաժշտությունը:Փառատոնի ընթացքում տեղի ունեցած բոլոր համերգներն էլ ջազարվեստի երկրպագուներին իրոք մեծ հաճույք պատճառեցին: Դրանցից յուրաքանչյուրը իսկական արվեստի հետ շփման մեծ հնարավորություն էր տալիս ունկնդիրներին, որոնք հիացած էին դուրս գալիս համերգասրահներից:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում շեշտում էր փառատոնի կազմակերպիչ՝ «Ջազի հայկական ասոցիացիայի» նախագահ Կամո Մովսեսյանը, տեսնելով հանդիսատեսի նման խանդավառությունը, համերգների ընթացքում փառատոնի կազմակերպիչները մեկ անգամ ևս հավաստիացել են՝ մենք հրաշալի երաժշտասեր հանրություն ունենք, որն իսկական արվեստի կարիք ունի: «Փառատոնի ընթացքից իհարկե գոհ եմ, այն, կարելի է ասել, աննախադեպ էր իր թե՛ աստղային մասնակիցներով, թե՛ մեր հանդիսատեսի քանակությամբ: Մենք հինգից ավելի համերգներ ենք կազմակերպել և, դահլիճները միշտ եղել են լեփ-լեցուն: Մեր հաշվարկներով՝ մոտ 15 հազար մարդ է մասնակցել փառատոնին, որը շատ ուրախալի փաստ է»,- ասաց Կամո Մովսեսյանը:
Փառատոնի կազմակերպիչները մտադիր են այդ միջոցառումները դարձնել ամենամյա, թեև, ինչպես շեշտում է Կամո Մովսեսյանը, ջազի միջազգային նման փառատոն կազմակերպելը հեշտ գործ չէ․ «Նման միջոցառում կազմակերպողները գիտեն՝ անգամ մեկ նման համերգ կազմակերպելը, ասենք՝ Մարկուս Միլլերի մասնակցությամբ մեծ համեգ կազմակերպելը որքան բարդ է և ինչքան խնդիրներ կան»,- ասաց Մովսեսյանը, հավելելով, որ փառատոնը կազմակերպելիս ֆինանսական խնդիրներ չեն ունեցել:
Կամո Մովսեսյանը հիշեցնում է նաև, որ ջազը ոչ միայն պարզապես գեղեցիկ, ռիթմիկ երաժշտություն է, այլև ապրելակերպ, արտահայտչաձև, ստեղծագործական ազատություն բոլոր նրանց համար, ովքեր դարձել են երաժշտական այս ոճի նվիրյաները թե՛ որպես երաժիշտ, թե՛ որպես ունկնդիր: