«Էջմիածնում որ սպանություն ա կատարվել 2009 թվին, ինչ-որ Ջիվան Գասպարյան: Ես որ գտնվել եմ Սիբիրում: Կագեբեն ասում ա՝ 2009 թվին սպանություն ա եղել Էջմիածինում, նայի, եթե Սամվել Բաբայանի հետ դու գործ չունես, ուրեմն էս սպանությունն էլ ա քոնը, կվեկալես․․․ Էս ո՞նց հասկանանք», - հայտարարեց Գաբրիելյանը:
Ավելի վաղ Գաբրիելյանը դատարանում պնդել էր, որ ինքն է ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը՝ բանակին նվիրելու նպատակով, և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կապ չունի իր այս նախաձեռնության հետ: Այնինչ, ըստ մեղադրանքի, Բաբայանն է դրդել Գաբրիելյանին ու մյուսներին ձեռք բերել «Իգլա» զենիթահրթիռային համալիրը:
Սանասար Գաբրիելյանը այսօր հայտարարեց, որ, իրենից բացի, ԱԱԾ քննչական մարմինը սպառնացել է նաև «Իգլա»-ն իրավապահներին հանձնած Դավիթ Մայիլյանին, ով այժմ ազատության մեջ է, մեղադրյալ Ժորիկ մականունով Արմեն Պողոսյանին և վկա Աշոտ Շուշանյանին․ - «Ասում ա՝ Աշոտ, հիմա շուտ ինչ ասում եմ, էն գրի, թե չէ երկար տարիներ անցկացնելու ես կագեբեում․․․ Բա ի՞նչ անի Աշոտը: 30-ական թվերից մենք չգիտե՞նք կագեբեն ինչով ա զբաղված: Աշոտին տասը րոպե էլ պահեն, ինչ էլ ուղղորդեն, պիտի անի: Մենակ Աշոտը չի: Հրաչ Մայիլյանին հարցնում են, ասում են՝ մինչև քո զենքը հանձնելը, Հրաչ Մայիլյան, որտե՞ղ էին գտնվում: Ասում ա՝ դե առաջ կագեբեն բռնեց, հետո նոր զենքը հանձնեցի: Սա ի՞նչ ա նշանակում: Նույնն էլ Ժորիկը»:
Այսպիսով, դատաքննության փուլն ավարտվեց, հաջորդ նիստին դատախազը կհնչեցնի մեղադրական ճառը՝ պահանջելով պատժաչաձեր:
Սամվել Բաբայանի դեմ որևէ մեկը ցուցմունք այդպես էլ չտվեց, թե նա պատվիրել, դրդել է ձեռք բերել «Իգլա» զենիթահրթիռային համալիրը:
Ինքը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ իմանալով զենքի ձեռք բերման մասին ընկերոջը բացատրել է, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, ու հորդորել է այն թաքցնել Ղարաբաղի գյուղերից մեկում․ - «Եվ դրանից հետո մի հատ աֆիցերի կասես՝ կգա, կվերցնի, կտանի հանձնի: Որ դա քո ձեռքին բռնեն, կարան քրեական գործ հարուցեն: Էսքանը ես իրան բացատրում եմ, մարդը իմ մոտից դուրս ա գալիս, գնում: Որևիցե այլ դեպքի հետ ես կապ չունեմ:Երբ որ մեղադրում եք, թե իբր դրդել եմ, ես ճիշտ հակառակը՝ դրդել եմ էդ գործարքը չի կայացել, հեռացել են էդ մարդիկ էդ գործից: Ուզում եմ հասկանամ՝ ուրիշ ի՞նչ փաստարկ կա, որ ես մեղավոր եմ․․․ Իմ խոսակցությունից հետո մարդը հրաժարվել ա էդ քայլից: Սա ձեզ բավարար չի՞․․․ Դե, դուք փորձում եք մի տառ ճարեք մի տեղից, դնեք կողքը, որ ի՞նչ անենք»:
Ներկոտված եվրոների մասին էլ Սամվել Բաբայանը դատարանում ասել է, թե Ռուսաստանից ընկերն է պարտքն ուղարկել: Ինքը չի իմացել՝ ինչու են թղթադրամները գունապատված:
Ղարաբաղցի նախկին բարձրաստիճան զինվորականը թեև ասել է, որ գործը շինծու է, իրեն ազատազրկելու խնդիր է դրված: Բայց իր քաղաքական գործունեության, մասնավորապես Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքին աջակցելու հետ դատավարությունը չի կապել:
Փաստաբան Ավետիս Քալաշյանը նույնպես գնահատական չտվեց․ - «Չեմ կարող էդ հարցին պատասխանել: Ինքը նույնպես ինձ նման պատասխան է տալիս մոտավորապես, որ էդ հարցի պատասխանը երևի քաղաքական մեկնաբանները ավելի լավ կտան»:
Մեղքը հաստատվելու դեպքում Սամվել Բաբայանը կարող է ազատազրկվել ավելի քան տասը տարով: