Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամում այս շաբաթ կայանալիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կարող են հանդիպել։
Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահը նման հանդիպում չէր բացառել։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ դեռևս նոյեմբերի 3-ին հայտարարել էր, որ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
Թրամփն ասել է, որ կարող է Պուտինի հետ քննարկել Հյուսիսային Կորեային, Սիրիային և Ուկրաինային վերաբերող հարցեր։
Հնարավոր հանդիպման որոշ մանրամասներ երեկ հայտնել է նաև Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ «Ես համարում եմ, որ երկու առաջնորդների շփումները չափազանց կարևոր են, և եթե նման հանդիպում Վիետնամում տեղի ունենա, նրանք քննարկելու շատ հարցեր ունեն», - «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է դեսպանը։
Անտոնովի խոսքով՝ Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում, և քանի որ հանդիպումը կենտրոնական Ասիայում է լինելու, կողմերը կարող են քննարկել նաև Հյուսիսային Կորեայի խնդիրը։
Հավելենք նաև, որ նորանշանակ դեսպանը բողոքել է նաև, որ ամերիկացի կոնգրեսականները հրաժարվում են իր հետ հանդիպել։
ABC հեռուստաընկերությանը Դոնալդ Թրամփն ասել էր, որ Ռուսաստանը չէր ուզում, որ ինքը հաղթեր ընտրություններում։ «Մոսկվային ձեռնտու չէր հաղթանակը, և Մոսկվան ինձ չէր օգնի՝ իմանալով իմ դիրքորոշումը նավթի և սպառազինության հարցերում։ Ես ուզում եմ, որ նավթի գները լինեն ցածր, ես ուզում եմ, որ նավթ շատ լինի, ինչը ձեռնտու չէ Ռուսաստանին։ Ես ուզում եմ, որ Միացյալ Նահանգների զինված ուժերն է՛լ ավելի հզոր լինեն», - ասել է Թրամփը՝ հերթական անգամ ընդգծելով, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն չի ունեցել։