Լոռու մարզի խոշորացվող Օձուն համայնքում վաղ առավոտից ընտրողների հոսքը ընտրատեղամասեր չէր դադարում: Հատկապես ակտիվ էին Օձունի 25/57 և 25/58 ընտրական տեղամասերի ընտրողները: Արտառոց միջադեպեր չգրանցվեցին, բայց «Ազատության»՝ տեղամասերում գտնվելու պահին շատ էին օգնողների ուղեկցությամբ ընտրողները, ովքեր պատճառաբանում էին, թե տեսողական և այլ խնդիրներ ունեն:
25/57 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Արմեն Հովասափյանը բնական է համարում մարդկանց առողջական խնդիրների ի հայտ գալը հատկապես ընտրությունների օրը:
«Հայ ազգի մոտ ընդունված ա արդեն, վերջին շրջանում բավականին մոդայիկ է դառել էս ընտրական շրջանում վատ տեսողություն, մտավոր խնդիրներ, լսողության խնդիրներ և այլն: Ես ինքս անհանգստացած եմ, ուղղակի օրենքով նախատեսված կարգ է: Ես չունեմ իրավունք խոչընդոտելու մարդկանց, քանի որ մարդիկ են ցանկություն հայտնել, որ իրենց օգնեն», - ասաց Արմեն Հովասափյանը:
25/58 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ, «Ելք» դաշինքը ներկայացնող Սուրեն Պապիկյանն էլ ասում է, թե մարդիկ իրենք են ասում, որ խնդիրներ ունեն, այդ դեպքում օրենքով սահմանված կարգով քվեարկում եմ օգնողների միջոցով:
«Էստեղ էլ են շատ, բայց յուրաքանչյուրին հարցնում ենք: Այսինքն, էն ծեր մարդուն, ում օգնություն ա պետք, ինքը հավաստում է, որ, այո, ես տեսողություն խնդիր ունեմ: Ես պարզապես չեմ կարող թույլ չտալ, որ իրեն օգնեն», - ասաց Սուրեն Պապիկյանը:
Ախթալայում ընտրական տեղամասերի մոտ կուտակումների և հերթի մեջ գտնվող քաղաքացիների ականատես չեղանք, բայց այստեղ էլ ինչպես Օձունում շատերն էին օգնողների միջոցով քվեարկում: Ախթալայի 24/21 ընտրական տեղամասի հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրվա երկրորդ կեսին արդեն 382 ընտրողից 50-ը օգնողի կարիք են ունեցել: Ախթալայի բնակչուհին, ով ճանաչում է ընտրողների մի մասին, ասաց, թե այս թիվը չափազանցված է:
«Ես ինքս բժիշկ եմ մասնագիտությամբ ու գիտեմ՝ ով օգնության կարիք ունի: 50 տոկոսը օգնության կարիքը հաստատ չունի: Կեսը ծեր էր, կեսը՝ երիտասարդներ, որոնք հանկարծակի վատ են զգում: Հիմնականում տեսողական խնդիրներ են վկայակոչում», - ասաց Անահիտ Ղազարյանը:
Թիվ 24 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աթաբեկյանը, ով շրջում էր տեղամասերով, ասաց, թե ամենուր հանգիստ ընտրություններ են ընթանում, ահազանգեր կամ միջադեպեր չեն արձանագրել:
«Շրջում ենք բոլոր տեղամասերով, բոլոր տեղերում հանգիստ, նորմալ ընտրություններ են, սարքավորումները նորմալ աշխատում են» ,- նշեց Գագիկ Աթաբեկյանը:
Հիշեցնենք, այսօր տեղի ունեցող ընտրություններից հետո Լոռու մարզի Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի տարածաշրջանի 61 համայնքներ կմիավորվեն ձևավորելով 10 խոշորացված համայնք: