Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նախօրեին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված ուղերձն, ըստ հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի, շատ կարևոր ու հայանպաստ քաղաքական փաստաթուղթ է։ Միաձայն ընդունված ուղերձում Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու բովանդակային բանակցություններ վերսկսել ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի համապատասխան։ Արմեն Աշոտյանի խոսքով, այս ուղերձով հայկական պատվիրակությանը նախևառաջ հաջողվեց Ղարաբաղյան հարցը տարբերակել գոյություն ունեցող այլ հակամարտություններից։
«Արցախյան հիմնախնդիրը միակն է այս պահին, որի կարգավորման մեջ միջազգային հանրության կողմից դրված է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը: Սա կարևոր տարբերություն է մնացած բոլոր կոնֆլիկտներից, որազգերի ինքնորոշման սկզբունքը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փաթեթում դրված է որպես հիմնարար սկզբունքներից մեկը: Եվ մենք հասանք նրան, որ կոնֆլիկտների նկարագրությունները արվեցին առանձին-առանձին, մեր մասով՝ արցախյան հիմնախնդրի հետ կապված, արտաբերված բանաձևը ամբողջությամբ համահունչ է հայկական կողմերի մոտեցումներին և այստեղ կարծում եմ , որ հաջողություն պետք է արձանագրենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
Եվրանեսթը միջազգային հարթակ է, որի նպատակն է առավել սերտ քաղաքական և տնտեսական կապեր հաստատել իր անդամների՝ Եվրոպական խորհրդարանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ազգային խորհրդարանների ու Եվրամիության հետ։ Հատկանշական է, որ երեկ Կիևում ընդունված ուղերձին միացել է նաև ադրբեջանական կողմը։ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ սա նույնպես հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունքն է։
«Տեքստը մի քանի անգամ փորվել: Ադրբեջանական կողմի ներկայացրած առաջարկությունները այլ բնույթ ունեին, հայկական առաջարկությունները նույնպես ավելի ծայրահեղական էին՝ հայամետության իմաստով, և ընդհանուր աշխատանքի միջոցով մենք կարողացանք գալ մի բանաձևի, որը արտահայտում է Մինսկի խմբի առաջարկած սկզբունքները», - ընդգծեց Աշոտյանը:
Հայկական պատվիրակության ղեկավարն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Կիևում կայացած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը։ Ուղերձից բացի, ընդունվել են Ղարաբաղին առնչվող մի քանի բանաձևեր ու զեկույցներ։ Դրանցից մեկով, օրինակ, նշվում է, որ հակամարտության գոտիները ու այնտեղ ապրող մարդիկ պետք է ներառված լինեն միջազգային կառավարական և ոչ կառավարական բնապահպանական ծրագրերում։
«Սա նշանակում է, որ Արցախի բնակչությունը պետք է ստանա հանրավորություն միջազգայնացվելու՝ ինտեգրվելու այս կամ այն միջազգային ծրագրերի մեջ, մաս դառնալու հասարակական կառավարական միջազգային ծրագրերի»:
Ընդունված 3 հրատապ բանաձևերից մեկում էլ, որն ի դեպ ներկայացվել էր հայկական պատվիրակության կողմից, կոչ է արվում պատերազմական գործողությունների ժամանակ վերահսկողություն սահմանել անօդաչու թռչող սարքերի՝ այսպես կոչված, դրոնների օգտագործման վրա։
Չնայած դիվանագիտական դաշտում վերջին շրջանում նկատվող ակտիվությանը և միջազգային կառույցների նորանոր կոչերին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցները չեն դադարում։ Ըստ Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, անցած մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ավելի քան 1500 անգամ կրակ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։
Արմեն Աշոտյանի պնդմամբ՝ Ադրբեջանի նպատակն է հեղինակազրկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին։
«Կրակոցները փորձ են Ադրբեջանի կողմից քայքայելու դիվանագիտական շրջանակը, որը պատասխանատու է Արցախի խնդրի կարգավորման համար: Սա իհարկե փորձ է խանգարելու Մինսկի խմբի գործունեությանը և բոլոր այն դիվանագիտական ջանքերին, որոնք Մինսկի խմբի գործունեության տիրույթում են և սկզբունքներին համապատասխան: Դա չի հաջողվում, որովհետև այն մնում է միակ կենսունակ և լեգիտիմ ձևաչափը միջազգային հանրության համար և այդ ձևաչափի փոփոխությունը բացառված է», - ասաց Արմեն Աշոտյանը:
Ղարաբաղյան խնդրին ու Մինսկի խմբին անդրադարձ կա նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստում։ Փաստաթղթով ճանաչվում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: