Մատչելիության հղումներ

Մահացած դատապարտյալը «երևի ստվերային կարդինալն էր այս գործում»


Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը «Ազատւթյան» հետ զրույցում փոխանցեց, որ այս գիշեր հիվանդանոցում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։

Այսպիսով հոկտեմբերի 27-ի գործով 7 դատապարտվածներից 3-ը մահացել են, մեկը՝ Նաիրի Հունանյանի եղբայրը, ըստ տարբեր աղբյուրների, հոգեկան հիվանություն է ձեռք բերել: Եվս մեկ մեղադրյալ էլ նախաքննության ընթացքում էր մահացել, ըստ պաշտոնական վարկածի՝ Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվել էր։

«Հոկտեմբերի 27»-ի գործով մի քանի տարի տևած դատական գործընթացը լուսաբանած «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանի կարծիքով, Էդուարդ Գրիգորյանը զինված խմբի կարևոր անդամներից էր: Մինասյանը վստահ է, որ եթե Գրիգորյանը խոսեր, նրա ասածները գործի շրջանակներում ավելի կարևոր կլինեին, քան խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանինը․ - «Էդիկ Գրիգորյանի դերը նույնն էր, ըստ մեղադրանքի, ինչ որ Նաիրի Հունանյանինը: Նա երևի ստվերային կարդինալն էր այս գործում»:

Լրագրողի խոսքով՝ Էդիկ Գրիգորյանը, կարելի է ասել, զինված խմբի գաղափարական առաջնորդն էր։ Դատավարության ընթացքում պարզ է դարձել, որ Նաիրի Հունանյանից և նրա եղբորից հետո խորհրդարանում ծրագրվող ահաբեկչության մասին իմացել է հենց Գրիգորյանը։

Այս գիշեր հիվանդանոցում մահացած Գրիգորյանը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել: Գիշերը նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակի փոխանցմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Եվս 8 հոգի վիրավորվեց։

Ռուզան Մինասյանը ասում է, որ այսօր մահացած մեղադրյալը մանկաբույժ էր, քննության ընթացքում, նրա խոսքով, պարզվել էր, որ ահաբեկչությունը պետք է հոկտեմբերի 13-ին լիներ, սակայն Էդուարդ Գրիգորյանը և Նարիրի Հունանյանի եղբայրը հոգեբանորեն պատրաստ չեն եղել: Ահաբեկչությունից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 25-ին Գրիգորյանը և Հունանյան եղբայրները միասին են եղել խորհրդարանի շոնքում և ուսումնասիրել տարածքը, իսկ արդեն ահաբեկչության օրը զենք է բերել նաև Գրիգորյանը։

«Հետագայում, ցուցմունքի մեջ կար, որ դիպլոմատ ա բերում սև, որտեղ կային զենքեր, փամփուշտներ և ոչ սարքին պայթուցիկներ», - նշեց Մինասյանը:

Լրագրողը ասաց, որ թեև նման տերմին չկար, բայց այդ օրերին դատական նիստերը լուսաբանող լրագրողները Նաիրի Հունանյանից բացի նաև Էդիկ Գրիգորյանին էին որպես գլխավոր ամբաստանյալ ներկայացնում։ Տարիներ առաջ՝ 2014 թվականին Էդիկ Գրիգորյանի անունով ֆեյսբուքում էջ էր բացվել, որտեղ նա խոստանում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով բացահայտումներ անել։

Ռուզան Մինասյանը հիշում է, որ երբ մամուլը գրեց այդ մասին, ֆեյսբուքյան էջը ջնջվեց․ - «Գուցե թե ինքը ինչ-որ բան կուզենար ասել: Գուցե թե ինքը նաև փորձեր շոշափել մեր տրամադրությունները․․․»

Մահացածների հարազատները տարիներ շարունակ պնդում են, որ գործը բացահայտված չէ, և դրա պատվիրատուները չեն հայտնաբերվել։

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել «Հոկտեմբերի 27»-ի գործով հերթական դատապարտյալի մահը: Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը նույնպես զերծ մնաց մեկնաբանությունից։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության ընթացքում էր, ըստ պաշտոնական վարկածի` Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG