Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը վիճահարույց են համարում ոչ միայն ուսանողները, այլ նաև որոշ դասախոսներ: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի տեսության և և պատմության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը պնդում է՝ օրինագծի մասին դասախոսական կազմի կարծիքը բոլորովին հաշվի չեն առել:
«Կան հասարակական շահեր, որոնք եթե չեն պահպանվում, հարվածում են անհատական շահերին: Թող ԱԺ-ի այն պատգամավորները, որոնք քվեարկել են այդ օրինագծի օգտին, մտածեն այն մասին, որ հնարավոր է՝ վաղը չէ մյուս օրը դա հարվածի նաև իրենց շահերին: Չի կարելի ձեռք բարձրացնել ու քվեարկել ամեն ինչի համար: Ուղեղը տրված է մարդուն, որպեսզի նա մտածի: Իսկ եթե էդտեղ մտածող մարդիկ չեն հավաքված, ուրեմն պետք է մտածել, թե ինչպես անել, որ մտածողները հավաքվեն»,- ասում է պատմության ամբիոնի վարիչը:
Նրա խոսքով՝ խնդրին լուծում տալու այլ տարբերակներ են անհրաժեշտ, այլապես միայն տաղանդավոր երիտասարդների կորուստ չէ, որ կունենանք․ «Սա միայն ավելի կուժեղացնի արտագաղթը, դա՞ է այս օրենքի նպատակը: Սա վնաս է հասցում բոլոր իմաստներով: Երկիրն ավելի արյունաքամ կլինի, դեմոգրաֆիական վիճակն ավելի կվատանա, հետո ամեն մարդ կկանգնի կոտրած տաշտակի առաջ, այս կամ այն ձևով»:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ Նարինե Դուրգարյանը ևս մտահոգություններ ունի: Նրա խոսքով՝ իրենց ֆակուլտետում կան երիտասարդներ, որոնք գիտության մեջ լուրջ հաջողություններ կարող են գրանցել: Հակադարձելով «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսում պաշտպանության նախարարի մամլո խոսնակի այն հայտարարությանը, թե Հայաստանում «արհեստական» գիտությամբ զբաղվողների թիվը չափազանց մեծ է, Դուրգարյանն ասում է․ «Գիտությունը երբեք այնքան գումար չի բերում, որ դրանով ինչ-որ մեկը «արհեստական» զբաղվի: Դրանով զբաղվում են հիմնականում նվիրյալները: Նրանց, ում ես գիտեմ, իրոք գիտության նվիրյալներ են, մեծ պոտենցիալ ունեն և իրոք մեծ ցանկություն ունեն՝ զբաղվելու գիտությամբ»:
Դուրգարյանի խոսքով՝ Հայաստանում գիտությամբ զբաղվողների թիվն առանց այդ էլ նվազել է, և այդ նախագիծը «բոլորովին անտեղի էր»: Հիշեցնենք՝ օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե քաղաքացին պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքի, պարտավորվելով ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնել, իսկ ավարտելուց հետո ՊՆ կողմից նշված վայրում ու պայմաններով զինվորական ծառայության անցնել: նախատեսվում է նաև, որ ծառայությունից տարկետում ստացած ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։
«Այդ մարդիկ իրոք բանակին ոչ մի օգուտ չեն տա ծառայելով: Եթե գնացին, հետ գալուց հետո կորցրած են լինելու ամեն ինչ: Գիտությունը պահանջկոտ է, սիրում է ամենօրյա աշխատանք, ամենացավալին այն է, որ ամեն օր ու այդպես տքնաջան տղաները կարող են աշխատել»,- շարունակում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ Նարինե Դուրգարյանը:
Հայ-ռուսական համալսարանի ավագ դասախոս Սուրեն Էյրամջյանը նկատում է՝ բանակից զորացրվածներն այլևս եռանդով չեն շարունակում ուսումը: Թեզերի մակարդակի մասին անգամ չի էլ ցանկանում խոսել: «Այդ 140 հոգուց տարեկան գոնե 10 գիտնական դուրս գա, դա մեր գիտությանը շատ ավելի մեծ օգուտ է: Ու եթե կային մարդիկ, որ այդ ցանկությունից դրդված կուզենային շարունակել, հիմա էլ հնարավոր չի լինի: Եվ կկանգնենք գիտության կոլապսի առաջ: Եթե այդ 140-ը մեկնեն ծառայելու՝ դա բանակին առանձնապես մի օգուտ չի տալու»,- ասում է Սուրեն Էյրամջյանը:
Օրինագծին դեմ է նաև ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը: «Երիտասարդները բանակի հարց չեն լուծի, բայց մեր հոգեվարքի մեջ գտնվող գիտությանը կրակը վառ պահող անձինք են պետք: Գոնե գիտությունը պահեն այնքան ժամանակ, մինչ նոր լավ օրինակներ լինեն»,- ասում է դեկանը: Այն, որ այսօր քիչ թվով երիտասարդներ են տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ակցիաներ անցկացնում, պատճառներից մեկը, ըստՍահակյանի «հանրության հուսահատությունն է»: Հարցին էլ՝ արդյո՞ք կմիանա երիտասարդների բողոքի ցույցերին, պատասխանեց՝ ինքը ևս այդ հուսահատ զանգվածի մասն է և կհաշտվի օրենսդրական փոփոխության հետ: