Մատչելիության հղումներ

Կարեն Նազարյանը «հավակնոտ է» որակում ստորագրվելիք ԵՄ - Հայաստան համաձայնագիրը


Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյան
Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյան

Եվրաինտեգրման հանձնաժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին մասնակցող փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը այսօր ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ նոյեմբերին Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Փաստաթուղթը նախաստորագրվել է 2017 թվականի մարտին, ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում մեկնարկելիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

«Ինչպես Հանրապետության նախագահն է նշել, մենք պատրաստ ենք նոյեմբեր ամսին ստորագրել համաձայնագիրը: Եվրամիության մեր գործընկերները վստահեցնում են, որ գործընթացը առաջ է շարժվում՝ ըստ նախատեսված պլանի: Ավելի հստակ ես չեմ պատկերացնում ինչ կարելի ասել՝ փարատելու համար այն բոլոր մտահոգությունները, որ գոյություն ունեն այսօր այս խնդրի հետ կախված», - ասաց փոխարտգործնախարարը:

Կարեն Նազարյանը ստորագրվելիք փաստաթուղթն այսօր որակեց հավակնոտ:

Համաձայնագիրը բանակցվում էր 2015-ի վերջից: Հիմքում, փոխարտգործնախարարի խոսքով, ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայության հանձնառություններն են:

Բայց Հայաստանը նաև տնտեսական ակնկալիքներ ունի․ - «Համաձայնագիրը նաև նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններում: Այն կնպաստի ավելի սերտ տնտեսական համագործակցությանը՝ բարելավելով բիզնեսը կարգավորող միջավայրը: Այն նոր հնարավորություններ կտա նաև բիզնեսի ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար: Եվ համաձայնագրի համապարփակ, ուժեղացված և հավասարակշռված առևտրի դրույթները կօգնեն Հայաստանին հաջողությամբ ինտեգրվելու տնտեսական և, մասնավորապես՝ համաշխարհային, եվրոպական տնտեսությունում»:

Խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամներին նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցն էր հետաքրքրում։ Կարեն Նազարյանն ասաց, որ վիզաների ազատականացման երկխոսությունն իրենից ներկայացնում է գործողության ծրագիր, որը «պետք է բանակցվի անդամ պետությունների հետ»․ - «Այդ բարեփոխումներ պարունակող փաթեթ է լինելու, որի մեջ կարող են ներառվել նաև օրենսդրական որոշ նախաձեռնություններ, որ Հայաստանը պետք է իրականացնի: Այս պահին այսքանը կարող եմ ասել, քանի որ փաստաթուղթը դեռևս չի բանակցվել: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարարը անձամբ և մենք բոլորս, այդ թվում նաև մեր պետական այրերը, առաջին հերթին առիթներով հիշեցնում են եվրոպական կողմին, որ 2015 թվականի Ռիգայի գագաթնաժողովում ունենք ստանձնած համատեղ հանձնառություն, և շատ կարևոր է այդ հանձնառության իրականացումը»:

«Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը կմեկնարկի, երբ Եվրոպական հանձնաժողովը ստանա համապատասխան մանդատ», - «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարությունից՝ չնշելով կոնկրետ ժամկետ:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցած շաբաթ հանդիպած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մինչդեռ, համոզմունք էին հայտնել, որ ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսությունը կարող է մեկնարկել արդեն այս տարեվերջին՝ Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո:

Հավելենք, որ հաջորդ տարի Եվրամիության երկրները, Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, Հայաստանի կառավարությանը դրամաշնորհների ու վարկերի միջոցով կտրամադրեն մոտ 70 միլիոն եվրո։

Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց նախկինում ստացված դրամաշնորհների ոչ-արդյունավետ օգտագործման հարցը և առաջարկեց նորերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել․ - «2.4 միլիարդ դրամ տարածքային զարգացմանը: Ես ծրագրի բովանդակությանը ծանոթ եմ, դա գնալու խոշորացված համայնքների խնդիրների լուծմանը: Իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ: Որովհետև նախորդ խոշորացման փուլում, երբ որ մենք ձեզ հետ միասին փորձեցինք մոնիտորինգ անցկացնել, բացի Դիլիջանից, որը մեկ անհատի միջոցով արված ներդրում էր՝ լուսավորություն և այլն, որևէ խոշորացված համայնքում ծախսված դրամաշնորհների դրական արդյունքը մենք չեն տեսել: Համայնքների վիճակը, այդ թվում՝ խոշորացված, այդ թվում՝ խոշորացվող, ուղղակի աղետալի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG