Մատչելիության հղումներ

Կրաշենցի երիտասարդ տրակտորիստուհին նաև բարեգործական ծրագրեր է իրականացնում     


Տրակտորիստուհի Հռիփսիմե Պետրոսյանը, Շիրակի մարզ, գյուղ Կրաշեն, հոկտեմբեր, 2017 թ․
Տրակտորիստուհի Հռիփսիմե Պետրոսյանը, Շիրակի մարզ, գյուղ Կրաշեն, հոկտեմբեր, 2017 թ․

Կրաշենում Հռիփսիմե Պետրոսյանին տրակտորի ղեկին տեսնելիս այլևս չեն զարմանում։ Ավելին՝ հերթագրվում են, որպեսզի իրենց հողն էլ վարի։ Հռիփսիմեն ասում է՝ համագյուղացիները զարմանում էին, երբ դեռ «ՈւԱԶ» մեքենան էր վարում։ «Պապան քաղում էր խոտը, ես ավտոն մոտեցնում էի, բառնում էի «ՈւԱԶ»-ի վրա: Իրենց համար ամենադժվարը սկզբում էր, երբ ես «ՈւԱԶ» էի վարում»,- պատմում է 29-ամյա Հռիփսիմեն:

«Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե գյուղատնտեսական աշխատանքները հեշտացնելու մասին էր մտածում։ Դիմել է «Կազա» շվեյցարական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրին ու մրցույթում հաղթելով՝ կապույտ տրակտոր ստացել։ Ծնողները դեմ չէին, որ այդ գործով զբաղվի։ «Գեղին օգուտ է, շատ մարդիկ կային, չէին կարողանում օգտագործել իրենց հողամասերը, կդիմեն Հռիփսիմեին, կկատարե»,- պատմում է հայրը:

1200 քմ հողատարածք վարելու համար Հռիփսիմեն 5000 դրամ է վաստակում: Տրակտորից ստացած եկամուտը, սակայն, միայն իր վրա չի ծախսում։ Հավաքած գումարով գյուղում խաղահրապարակ է կառուցել՝ իրականացնելով նաև իր մանկության երազանքը․ «Փոքր ժամանակ չենք ունեցել [խաղահրապարակ], պետք է գնայինք Գյումրի, որ խաղայինք: Ու ինձ համար առաջնայինն էդ էր, որ ծնողները կարողանան երեխաներին խաղացնեն»:

1988-ի երկրաշարժից հետո Շիրակի մարզի Կրաշեն գյուղը փայտե տնակներով գյուղի վերածվեց։ Հարավսլավացիների կառուցած ժամանակավոր կացարաններն այդպես էլ մշտական քարե շինություններով չփոխարինվեցին: Փակվեց նաև տնակում գործող մանկապարտեզը։ Հռիփսիմեն պատմում է՝ հարևան գյուղի բնակիչներն այժմ իրեն ասում են՝ եթե կարող ես, մանկապարտեզ բացիր, «քանի որ իրենց մոտ էլ մանկապարտեզի խնդիր կա»: Ասում է՝ կփորձի այդ խնդրի լուծման համար նոր ծրագիր գտնել, եթե ոչ՝ «կարող է նաև տրակտորի գումարից տրամադրել»:

Հայրենի գյուղում խնդիրները շատ են՝ ճանապարհները քանդված են, գազ ու գիշերային լուսավորություն չկա։ Հռիփսիմեն որոշել է դրամաշնորհային ծրագրերի դիմել ու այդ խնդիրներն աստիճանաբար լուծել։ Երազանքները կիսատ չթողնելու համար որոշեց բարձրագույն կրթություն ստանալ, երբ արդեն 24 տարեկան էր։

Սկզբում մանկավարժական քոլեջ, ապա նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ ընդունվեց։ Մասնակցում էր նաև տարատեսակ դասընթացների։ Նախ տորթեր թխել սովորեց, հետո արհեստական ծաղիկներ պատրաստել, հիմա էլ դիմահարդարման դասընթացների է հաճախում։ «Մեր բնակիչներն ասում էին՝ քո տարիքին բոլորն ամուսնանում երեխաներ են ունենում, իսկ դու դեռ սովորում ես: Իրենց համար դա շատ դժվար փաստ էր: Իսկ հիմա իրենց մոտ էլ է այդ կարծրատիպը վերացել»,- ասում է Հռիփսիմեն:

Գյուղի մանկապարտեզի խնդիրը լուծելուց հետո նա մտադրվել է նաև գեղեցկության սրահ բացել։ Դա ապագայում, իսկ հիմա հողերը վարելու ժամանակն է։ Սպասում են ոչ միայն Կրաշենի, այլև հարևան գյուղերի բնակիչները։ «Հիմա առաջնայինն աշխատանքն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG