Մատչելիության հղումներ

Արտաքուստ բարեկեցիկ Սարուխանը աստիճանաբար դատարկվում է


Armenia -- Houses in Sarukhan village, undated.
Armenia -- Houses in Sarukhan village, undated.

Գեղարքունիքի մարզի երբեմնի խոշոր և հարուստ գյուղն այսօր ևս արտաքինից հարուստ է թվում․ թանկարժեք մեքենաներ, շքեղ առանձնատներ, որոնցից շատերի դռները, սակայն, կողպված են։

Մեքենաներն էլ արտագնա աշխատողների վերադարձի ամիսներին են հայտնվում։ Սարուխանցիների պնդմամբ՝ գյուղի կեսը գնացել է «խոպան»:

Գյուղը լքողներից շատերը վերադառնում են, վերանորոգում իրենց դատարկ տները կամը նորերը կառուցում, կրկին կողպում դռները և հետ վերադառնում։ Եվ ինչպես մնացողներն են ասում, նման շատ դռներ բացնում են միայն այն ժամանակ, երբ այդ ընտանիքների անդամներից ինչ-որ մեկը մահանում է․ - «Էդ վախտ են մենակ գնում-գալիս»:

Սարուխանի մասին անգամ Գեղարքունիքի մարզի պաշտոնական կայքում է գրված, որ համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը արտագնա աշխատանքն է: Բայց դրանով գյուղացիների հոգսերն ու մտահոգությունները չեն նվազում: Ասում են՝ վերջին տարիներին գյուղը սկսել են լքել նույնիսկ ապահովված ընտանիքները․ - «Լավ կերած-խմած մարդիկ վատ բաներին չեն դիմանում: Շատերն էլ ոչ թե չունենալուց են գնում․ եղբայրը գնացել ա, քույրը գնացել ա, ինքն էլ ա գնում»:

Սարուխանը և հարևան ևս երկու գյուղ սպասարկող բժշկուհի Մելանյա Գևորգյանի խոսքով՝ մարդկանց թվի նվազման ապացույցը հենց բուժամբուլատորիայի այցելուների ամփոփագրերն են․ - «Առաջ ես ասում էի՝ վերջի գնացողը ես կլինեմ․․․ բայց հիմա, պատկերացրեք, իմ մեջ էլ ա մտել էդ գնալը»:

Բժշկուհու համար ամենացավալին գյուղից երեխաների հեռանալն է։ Այդ դեպքում, ասում է՝ հետդարձի որևէ հույս չի մնում․ - «Եթե մեծն ա գնում՝ վերադառնում ա, որովհետև հողը, ջուրը քաշում ա: Իսկ երեխան երբ գնաց, ընտեղ կրթությունը ստանում ա, նա արդեն ասում ա՝ Մայա ռոդինա Ռասիա․․․ Հայաստանը էլ իրա հայրենիքը չի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG