Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարել է խմելու ջրի սակագինը պահպանելու լուծումներ առաջարկել


Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այս տարվա օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ սակագների վերանայման հայտով։

Ընկերությունն, ըստ վարչապետի, առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14.3 դրամով:

Կարեն Կարապետյանը նշեց, որ հայտը ներկայումս գտնվում է հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում:

«Հայտի ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ», - ասաց կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 20-օրյա ժամկետում, սակագնի փոփոխության դեպքում, կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ:

Վարչապետը նաև հանձնարարեց նախագիծը մշակել՝ համատեղ աշխատելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, այդ թվում՝ քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG