Մատչելիության հղումներ

9 տարի ընդմիջումից հետո Արտակ Կիրակոսյանը համերգով կներկայանա հայ երաժշտասերներին


2008 թվականի մայիսի 28-ին նշվում էր Սարդարապատի ճակատամարտին 90-ամյա հոբելյանը, որին նվիրված միջոցառման գլխավոր փորձը տեղի ունեցավ 2 օր առաջ՝ մայիսի 26-ին:

Այդ օրը ճակատագրական դարձավ օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանի համար: Փորձի ժամանակ բարձրացած սոսկալի քամու պատճառով շուռ եկավ բեմահարթակի վերևում տեղակայված 3,5 տոննայանոց մետաղական կառույցը, որը փորձին մասնակից մեկ մանկահասակ աղջկա մահվան պատճառ դարձավ: Կիրակոսյանը, փորձելով իր մարմնով պաշտպանել մյուս երեխաներին, ի թիվս այլ վնասվածքների, նաև ողնաշարի ծանր վնասվածք ստացավ: Հետագայում երկար բուժումներից հետո նա ստիպված էր տեղափոխվել Գերմանիա, որտեղ էլ բնակվում է մինչև օրս, քանի որ ստիպված է շաբաթը մի քանի անգամ դեռ բուժման կուրս անցնել:

«Սխրանք չեմ ուզում ասել, յուրաքանչյուրը էդպես կաներ: Որովհետև եթե պիտի փախնես, քո մոտ կանգնած երեխաներին թողնես․․․ Ես ամեն ինչ հետ կտանեի, թող նորից էս ամեն ինչը լիներ, բայց էդ երեխային էլ փրկեինք», - նոյեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսին նշեց երգիչը:

Այս ողբերգական դեպքից ինը տարի անց Արտակ Կիրակոսյանը դեռ գամված է շարժասայլակին, ինչը, սակայն, չի խանգարել նրան այդ տարիների ընթացքում ոչ միայն զբաղվել իր արվեստով, այլև անգամ համերգների մասնակցել Գերմանիայում:

Մի քանի ամիս առաջ Կիրակոսյանը մտահղացել է համերգով հանդես գալ Հայաստանում՝ հայրենակիցներին ներկայացնելու իր արվեստը: Նա ասաց, որ համերգը բազմաժանր է լինելու․ - «Ոնց որ այս վերջին մի քանի տարիների ընթացքում, ես յուրաքանչյուր իմ համերգը սկսում եմ Ֆրանց Շուբերտի «Ավե Մարիաով»: Շատ պատրաստակամ եմ, որ այս համերգը կայանա շատ գեղեցիկ: Նախադեպը չունեցող կարող եմ ասել, որովհետև մի հոգի տարբեր ժանրերով պետք է հանդես գա: Ծրագիրը բաղկացած է բազմաժանր ստեղծագործություններից: Էն արտիստները, ովքեր որ 2009 թվականի փետրվարին կայացած համերգին, որը բարեգործական էր և եղավ նաև ուղիղ եթերով դրամահավաք, այդ համերգը դրա համար էր կազմակերպված․․․ արտիստները, ովքեր մասնակցեցին, գրեթե բոլորին հրավիրել եմ: Իրենց երգացանկից մեկ ստեղծագործություն պետք է որպես երախտիքի խոսք նվիրեմ և՛ իրենց, և՛ իմ հայ ժողովրդին»:

Երգիչը նաև շեշտեց, որ վերջին անգամ այստեղ բեմ է բարձարցել այդ չարաբաստիկ օրվանից մի քանի օր առաջ՝ 2008 թվականի մայիսի կեսերին օպերային թատրոնում «Անուշ» օպերայի ներկայացման ժամանակ երգելով Սարոյի դերերգը: Իսկ նույն տարվա հունիս ամսին արդեն ոչ միայն «Տրավիատայում» Ալֆրեդի դերերգը պիտի կատարեր, այլև պիտի հյուրախաղերի մեկներ, բայց ավաղ․․․

Այդ օրվանից պիտի անցներ փաստորեն ինը տարի, երբ ինքը կրկին ի վիճակի կլիներ հանդես գալու հայ երաժշտասերների առջև:

«Ազատության» հարցին, թե արդյոք իր բացակայության ընթացքում շատ բան է փոխվել օպերային թատրոնում, երգիչը գյումրեցուն յուրահատուկ սրամտությամբ նկատեց․ - «Լիքը անկում ա ապրել, որ ես ստեղ չեմ: Դա իհարկե կատակով»:

Ինչ վերաբերվում է հայրենիք վերադառնալուն, Կիրակոսյանն ասաց․ - «Ինձ Գերմանիայում և արտերկրում պահում են իմ առողջական խնդիրները հիմնականում: Եթե շատ բաներ, որոնք որ էնտեղ լուծելի են, էնտեղ էլ լուծելի դառնան, ես կվերադառնամ, այսինքն՝ մենք կվերադառնանք, որովհետև մենք շատ սիրում ենք մեր երկիրը: Եթե մեր թատրոնում լինի այնպիսի ներկայացում, որ ես կկարողանամ նույնիսկ էսպես հանդես գամ, ես պատրաստ եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG