Մատչելիության հղումներ

Ըստ տուժածների, պատանդառուն պարբերաբար ահաբեկել է իրենց, բայց ոստիկանությունն անարձագանք է թողել դիմումները


Պատանդառության հետևանքով տուժած Լիլիթ Հովհաննիսյանը, Արմավիր, 30-ը հոկտեմբերի, 2017 թ․
Պատանդառության հետևանքով տուժած Լիլիթ Հովհաննիսյանը, Արմավիր, 30-ը հոկտեմբերի, 2017 թ․

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառության հետևանքով տուժած Լիլիթ Հովհաննիսյանն արդեն լավ է, այսօր նա դուրս է գրվում հիվանդանոցից։ Տուժած կինը չցանկացավ տեսախցիկի առջև ցուցադրել դեմքը, չցանկացավ նաև հոկտեմբերի 30-ի իրադարձություններից մանրամասներ վերհիշել, թեև նրա աջ ձեռքի, պարանոցի ու կրծքավանդակի սպիերը դեռ երկար կհիշեցնեն այդ չարաբաստիկ օրը։ «Ազատության» հետ զրույցում կինը պնդեց՝ եթե իր նախկին ամուսինը ժամանակին պատժվեր, այս դեպքը տեղի չէր ունենա։

«Անընդհատ ասում էր, որ կանեմ սենց բան, զգույշ մնա, կփոշմանես քո արածի համար: Ես իրեն ասել եմ՝ իմ կամքն ա, ես չեմ ուզում ապրեմ քեզ հետ: Ինքն էլ ասաց՝ չուզելը քիչ ա, սխալ բան ես արել, որ գնացել ես»,- պատմեց Լիլիթը: Նրա վստահեցմամբ՝ համատեղ կյանքի ընթացքում ամուսինն իրեն բռնության չի ենթարկել, ամեն ինչ սկսվել է ամուսնալուծությունից հետո․ «Բաժանումից հետո անընդհատ հետևում էր»:

Արգամ Հովիկյանից բաժանվելու պատճառը եղել է վարկային կեղծ գործարքը, «Ազատությանը» պատմեց Լիլիթի հայրը։ Էդգար Հովհաննիսյանի խոսքով՝ Լիլիթի հղիությունն ընդհատվել է դրա հետ կապված ապրումների պատճառով։ Հովհաննիսյանը պնդում է, թե նախկին փեսան 2 ամիս առաջ փորձել է սպանել նաև իրեն։ Նախ հեռախոսով է սպառնացել, ապա եկել է տուն, հայհոյել, վեճի բռնվել ու փորձել իրականացնել սպառնալիքը։

«Մեր վեճի ժամանակ ինքն ուզում էր մեքենայի միջից, վարորդի սիդելնիկի տակից հաներ իր ատրճանակը, որ ուներ: Բառաբան պիստալետ էր: Բայց էդ ժամանակ չեր կարում հաներ, որովհետև իրան հարվածում էինք: Ինքը կանխամտածված եկել էր, որ ինձ սպաներ: Ասում էր՝ ես քեզ պետք ա սպանեմ»,- պատմեց Լիլիթ Հովհաննիսյանի հայրը՝ Էդգար Հովհաննիսյանը:

«Մանուշակ» մանկապարտեզի վարիչը՝ Ռոզա Վարդանյանը, ով նաև Լիլիթի տատիկն է, «Ազատությանը» պատմեց, որ հիշյալ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Ռոզա Վարդանյանի խոսքով՝ այդ օրն Արգամը մահակով հարվածել է նաև իրեն, դիմել են ոստիկանություն, դատախազություն, բայց գործը կարճվել է ոչ բավարար ապացույցների պատճառով։ «Եթե օգոստոսի 8-ի դեպքի ժամանակ, որպես սպանության փորձ կատարողի, նրան կալանավորեին, իհարկե այս դեպքը չէր լինի: Ընդամենն ամիսուկես ա անցել: Ու հետո էլ ինքը կանգնեց ծիծաղեց՝ ի՞նչ կարող եք ինձ անել, ում որ պետք է՝ փողը տվել եմ դուրս եմ եկել: Էդպես էլ էդ գործը քնացրեցին, ոչ մի ընթացք չտվեցին, ինքն էլ առիթից օգտվեց»,- ասաց Ռոզա Վարդանյանը:

3-տարեկան երեխային մի քանի ժամ շարունակ պատանդ պահած Արգամ Հովիկյանը հասցրել է վնասել նաև նախկին կնոջ տատին։ Նրա ականջին ու վզին դեռ թարմ են դանակի հարվածի հետքերը։ Ըստ Ռոզա Վարդանյանի՝ Արգամը պարբերաբար սպառնացել է սպանել Լիլիթին ու իր որդուն, ամիսներ շարունակ հետապնդել է նրանց, ահաբեկել, բայց ոստիկանությունն անարձագանք է թողել իրենց դիմումները։ «Այդ օրը, որ այդ դեպքը եղավ, այն քննիչն էլ կար, այդ դատախազն էլ կար, ասեցի՝ տեսա՞ք ինչ եղավ, սրա՞ն էիք սպասում: Հիմա հիմնավո՞ր են փաստերը»,- շարունակեց «Մանուշակ» մանկապարտեզի վարիչը:

Ի՞նչ հիմք էր անհրաժեշտ, ինչը բավարար կլիներ գործին ընթացք տալու համար՝ հարցրեցինք Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանին: Նրա խոսքով՝ նախկինում ստացել են 2 դեպքով ահազանգ, մեկը սպառնալիքների, մյուսը՝ պարտք ու պահանջի հարցերով։ «Ֆիքսվել է, որ կատարված արարքներում չկա հանցակազմ, այսինքն՝ այնպիսի հատկանիշներ, որոնք լինեն քրեորեն հետապնդելի: Ամեն մի իրավախախտում չէ, որ հանցագործություն է: Զենք լինել-չլինելը, այդ ամեն ինչը բնականաբար քննության առարկա դարձել է: Ես ձեզ վստահեցնում եմ՝ ինչպես ասում եք՝ զենքը եղել է, չեն դատել, բացառվում է նման բան»,- «Ազատությանն» ասաց Արսեն Այվազյանը:

Լիլիթի հոր պնդմամբ՝ Արգամ Հովիկյանը եղել է խաղամոլ ու հարբեցող։ Մինչդեռ, Արգամի քույրն «Ազատության» հետ զրույցում հերքեց պնդումները, թե իր եղբայրը խմիչքից կախվածություն է ունեցել։ Ըստ նրա՝ սուտ են նաև տեղեկությունները, թե Արգամը փորձել է սպանել նախկին աներոջը։ Կատյա Հովիկյանը վստահեցրեց՝ իր եղբայրը դիմել է այդ քայլին, «լինելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում», նաև պնդեց՝ Լիլիթի ընտանիքը սպանել է դեռ չծնված երեխային։

«Ինքը փորձում էր իր կնոջ հետ ընտանիքը վերականգնել, նրա հայրը թույլ չէր տալիս: Հենց հիմա «Ֆեյսբուքում» կարդացեք Լիլիթի գրած նամակն Արգամին՝ պապան ասել ա, որ առաջին անգամ թռար վրիցս, ներեցի, երկրորդ անգամ չեմ ների: Լիլիթի նկատմամբ հոգեբանական ճնշում են գործադրել: Արգամի արարքը ես չեմ արդարացնում, չեմ արդարացնում էն օրվանից, որ նման օջախից աղջիկ ա բերել»,- ասաց Կատյա Հովիկյանը:

Արգամ Հովիկյանը դեռ «Արմավիր» բժշկական կենտրոնում է։ Հիշեցնենք՝ ոստիկանությունը հաղորդել էր, որ դեպքի օրը նա ինքնավնասման փորձ էր արել՝ հարվածելով սեփական կրծքավանդակին։ Նրան վիրահատել են, իսկ երեկ տեղափոխել հիվանդասենյակ: Քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել դանակի գործադրման սպառնալիքով ակնհայտ անչափահասին պատանդ վերցնելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Արմավիրի փոխքաղաքապետն «Ազատությանը» հայտնեց, որ մանկապարտեզը կվերսկսի իր աշխատանքն արդեն երկուշաբթի օրը։ Իսկ թե այս դեպքից հետո ինչպես են պատրաստվում ապահովել քաղաքի նախակրթարանների անվտանգությունը, Խաչիկ Մկրտչյանը դեռ չգիտի։

Սա Հայաստանում նախկին ամուսնու կողմից կնոջը վնասելու առաջին դեպքը չէ, հիշեցնում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Ըստ նրա, եթե ժամանակին Ոստիկանությունը համապատասխան կերպով արձագանքի նման դեպքերին, բռնության դրսևորումները հնարավոր կլինի կանխել։ Իրավապաշտպանը վստահ է՝ հարցի լուծմանը կնպաստի նաև ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի ընդունումը։ «Եթե արդեն այդ նորմը գործեր և 100 մետր շառավղով նրան թույլ չտրվեր մոտենալ իր նախկին կնոջը, արդեն իսկ կարող էր ապահովել, որ մանկապարտեզում տեղի չունենար այդ բռնության ակտը»,- ասաց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG