Մատչելիության հղումներ

Փաշինյանը զինկոմից պաշտպանության նախարարի զինծառայության մասին փաստաթղթեր է պահանջում


Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է Հայաստանի Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով իրեն տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին՝ 1993-ից մինչև 2000 թվականը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար։

Փաշինյանի համոզմամբ, Վիգեն Սարգսյանի բացատրությունները, թե ինչու ինքը ժամանակին չի ծառայել Զինված ուժերում, բավարար չեն:

Նշենք, որ պաշտպանության նախարարի ծառայելու հարցը քննարկման առարկա դարձավ Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի աղմկահարույց գրառումից հետո, որում վերջինս առանց անուններ տալու նկարագրել էր, թե ինչպես է այսօր զորակոչի ու զինծառայության մասին բարձր ամբիոններից ճառող պաշտոնյան ժամանակին խուսափել բանակից:

Թեև պաշտոնյայի անունը Ռուզաննա Խաչատրյանը չէր նշել, սակայն պատասխան գրառմամբ հանդես եկավ Վիգեն Սարգսյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նախ Սեյրան Օհանյանի տիկնոջը հիշեցրեց Քրեական օրենսգրքի սուտ մատնություն հոդվածի մասին, ապա վստահեցրեց, թե Վիգեն Սարգսյանը չի խուսափել զինվորական ծառայությունից և Ռազմական ոստիկանության կողմից հետախուզման մեջ չի եղել:

Ավելի ուշ, «Ազատության» հարցին ի պատասխան, խնդրին անդրադարձավ նաև Վիգեն Սարգսյանը՝ պնդելով, որ օրենքով սահմանման կարգով ծառայել է Զինված ուժերում:

Նիկոլ Փաշինյանը մինչդեռ այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ որևէ համոզիչ բացատրություն չի հնչել, պետք է փաստաթղթեր ներկայացվեն, որոնք ցույց կտան, թե ի՞նչ հիմքով է Վիգեն Սարգսյանը 1992 թվականից մինչև 2000 թվականը, այսինքն՝ շուրջ 8 տարի տարկետում ստացել, և որքանո՞վ են այդ փաստաթղթերը արժանահավատ:

Հարցին, թե կասկածի տակ է դնո՞ւմ այն բացատրությունները նաև կենսագրության մեջ նշված, որ սկզբից չորս տարի սովորել է Լենինգրադում, ապա այստեղ, Փաշինյանը պատասխանեց. - «Խոսքը կրթություն ստանալու մասին չէ։ Նաև տարբեր թղթերով պետք է հասկանանք, թե այդ տարկետումն ինչի՞ հիման վրա է ստացել, ինչքանո՞վ են արժանահավատ էս փաստաթղթերը, սրա մասին է, որովհետև, գիտեք, կա ենթադրություն հանրության շրջանում, որ իրականում այդպես չի եղել։ Ամբողջ սոցիալական ցանցերում դա է քննարկվում, խոսում են, որ Ռազմական ոստիկանության հետ կապված ինչ-որ հարցեր են եղել, այսինքն` իմ հարցումը կապված է այդ հանրային քննարկման հետ, մենք պետք է խորանանք և հասկանանք, թե ինչն է ճիշտ, ինչն՝ այնքան էլ չէ»։

Ճշտող հարցին, թե չի՞ բացառում, որ օրենքի խախտմամբ է գործող նախարարը ստացել տարկետում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Ես հարցում եմ արել, և եթե այսօր պնդում ունենայի, այդ պնդումը Ձեզ կներկայացնեի։ Կա քննարկում, կա մեղադրանք այդպիսի, որ վերագրվում է Վիգեն Սարգսյանին, և մենք պետք է իրավիճակը հասկանանք»։

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ, բացի տարկետման վերաբերյալ փաստաթղթերից, նաև պետք է պաշտոնապես բացատրություն տրվի, թե ինչպե՞ս է պաշտպանության նախարարը զորակոչվել բանակ, քանի որ Վիգեն Սարգսյանի կենսագրականում նշվում է, թե նա Զինված ուժերում ծառայել է 2000-ից 2003 թվականներին, այսինքն՝ 3 տարի, ի վերջո, դա ժամկետայի՞ն, թե՞՝ պայմանագրային ծառյություն է եղել:

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների ծառայել-չծառայելու հարցն օրակարգում հայտնվեց այն բանից հետո, երբ խորհրդարանում քննարկվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով, ըստ էության, հանվում է ուսման նպատակով տրվող տարկետման իրավունքը։

Ընդդիմադիր «Ելք»-ը, որը դեմ քվեարկեց նոր օրենքին, հայտարարեց՝ բանակում չծառայածների իշխանությունն այսօր զրկում է երիտասարդներին կրթություն ստանալու հնարավորությունից:

Ի պատասխան՝ պաշտպանության նախարարնն անդրադարձավ բանակում չծառայած, կամ տարբեր արտոնություններից օգտված ընդդիմադիր պատգամավորներին՝ անուն առ անուն հիշատակելով նրանց:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ զինծառայության մասին օրենքը յուրօրինակ լյուստրացիա էր բանակում չծառայած թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության ներկայացուցիչների համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե լյուստրացիա բառն իրենք այդքան էլ դուր չի գալիս:

Փաշինյանը բերեց իր օրինակը՝ նշելով, որ բանակում իր չծառայելու վերաբերյալ նույնպես հարցադրումներ են հնչել, և ինչպես ինքն է փաստացի բոլոր հիմքերը ներկայացրել, թե ինչ պատճառներով չի զորակոչվել բանակ, այնպես էլ ակնկալում, որ անեն մյուսները:

«Էն, որ 92 թվականին Վիգեն Սարգսյանը բանակ չի գնացել, դա հանրահայտ փաստ է, այսինքն՝ այդտեղ որևէ նորություն չկա։ Խնդիրն այն է, որ հայտնվեցին որոշակի ակնարկներ կամ անանուն մեղադրանքներ, որոնք, հանրային տպավորությամբ, վերաբերվում էին Վիգեն Սարգսյանին, և մենք հիմա պարզապես ուզում ենք հասկանալ՝ ինչքանո՞վ են այդ ընկալումներն իրական, իսկ դրա համար անհրաժեշտ է օգտագործել այն հնարավորությունը, լծակները, որ ունի Ազգային ժողովի պատգամավորը, և փորձել հարցերի պատասխանները ստանալ», - ասաց Փաշինյանը։

«Դուք Ձեր դեպքին անդրադարձագ, Դուք ի՞նչ հիմնավորմամբ չեք ծառայել բանակում», հարցին Փաշինյանը պատասխանեց. - «Ես 1991 թվականին, զինապարտության մասին օրենքի համաձայն, քանի որ երկու եղբայրներս ծառայած են եղել, երրորդ եղբայրն ազատվել է բանակից։ Քանի որ կասկած կար, թե նման օրենք գոյություն ունեցել է, թե՞՝ չի ունեցել, ես նաև Ազգային ժողովի արխիվներից այդ օրենքն եմ հանել և համապատասխան հոդվածը հրապարակել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG