Մատչելիության հղումներ

Կարապետյան․ Պայմանավորվածություն չկա, թե ով է լինելու վարչապետ 2018-ի ապրիլից հետո


Վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածու կառաջարկի 2018-ի ապրիլի 9-ից հետո, իսկ թե ով է գլխավորելու կառավարությունը գալիք տարվա ապրիլից, ՀՀԿ-ում քննարկումներ չեն եղել, և որևէ պայմանավորվածություն չկա:

Մամուլում վերջերս հայտնված տեղեկության համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը պայմանավորվել են, որ 2018 թվականի ապրիլից հետո, երբ կավարտվի նախագահ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը ու նոր սահմանադրությունը ամբողջովին կմտի ուժի մեջ, Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ ներկայիս վարչապետը կդառնա փոխվարչապետ:

«Այսօրվա մեր իրավիճակում ապրիլի 9-ից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը առաջարկելու է վարչապետի թեկնածություն՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, այդ իսկ պատճառով որևիցե պայմանավորվածության մասին խոսելը ուղղակի ապարդյուն է», - նշեց Կարապետյանը:

2016 թվականի դեկտեմբերին՝ վարչապետի պաշտոնում իր նշանակումից մոտ երեք ամիս անց, Կարեն Կարապետյանը հայտատարել էր, որ եթե իր գլխավորած կառավարությունը արդյունավետ լինի, ապա 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում:

Այսօր Կարապետյանին խնդրեցինք վերստին անդրադառնալ այդ հարցին․ ժամանակ է անցել և այժմ ինքն ի՞նչ նպատականեր ունի, 2018-ի ապրիլից հետո ցանկանու՞մ է մնալ վարչապետի աթոռին: Նրա արձագանքը․ - «Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ․․․ Իմ աշխատանքը շարունակում եմ՝ ինչքան որ կարողություն ունեմ այդ աշխատանքին տրամադրելով: Ի՞նչ եմ ուզում անել․․․ Կարող է մի էիչ ամպագոռգոռ հնչի, դրա համար նախապես ներողություն եմ խնդրում, որովհետև, կարծում եմ, առանձնապես շատ նման բառապաշար չեմ օգտագործում՝ ծառայել մեր երկրին: Եվ ես վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող: Ինչպիսի՞ որոշում կկայացնի Հայաստանի հանրապետական կուսակցությունը․․․ Շատ պարզ ձևակերպված ա․ մենք նոր սահմանադրություն ենք ընդունել, նոր կանգավիճակի ենք անցնում, որտեղ հստակ ձևակերպված ա, թե ինչպես դա կլինի: Այդ իսկ պատճառով, հարգելի լրագրողներ, գործընկերներ, այս հարցի վերաբերյալ եթե լրացուցիչ հարց տալու եք, չեմ պատասխանելու»:

Լրագրողը հարցրեց, թե արդյոք վարչապետը կիսում է կուսակիցների պնդումները, թե Սերժ Սարգսյանը անփոխարինելի է որպես երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավոր և ՀՀԿ նախագահ: Կարապետյանի պատասխանը․ - «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի վարկանիշներին և հատկանիշներին որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ: Մնացած մասնավոր կարծիքների վերաբերյալ հարցրեք իրանցից»:

Վարչապետին հիշեցրին, որ պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը ինքը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե «տնտեսության վիճակը չափազանց ծանր է»: Այժմ ի՞նչ կարծիքի է: «Այո, այդպես եմ գնահատել: Այսօր ես գնահատում եմ մեր վիճակը կառավարելի և հեռանկարային: Ես չեմ ասում, որ մենք բոլոր խնդիրները լուծել ենք»:

Դիտարկմանը, թե 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունները կարող են հանգեցնել մի շարք ապրանքների, նաև սեղմված գազի թանկացմանը, վարչապետը բավականին անսպասելի պատասխան տվեց․ - «Ճիշտն ասած, սեղմված գազի թանկացում ենթադրվում ա թե չէ, ես չգիտեմ․․․ Ինչ վերաբերում ա այս հարկային, մաքսային օրենսգրքից ելնելով ինչ հետևանքներ, ինչ գնային քաղաքականություն կլինի, երբ որ լինի, էն ժամանակ էլ կարձագանքենք»:

2018-ի պետական բյուջեով նախատեսվում է կրճատել 5 հազար 560 պետական ծառայող: Այսօր վարչապետը հայտարարեց․ - «Պետական ապարատը ավելի մեծ ա, քան պետք ա լինի: Շատ կտրուկ չենք կարում կրճատենք, որովհետև համապատասխան բեռը և համապատասխան կվալիֆիկացիայի մարդ ընդունելն ա պրոբլեմատիկ»:

Կարապետյանը տեղեկացրեց, որ արդիականացվող գործող ատոմակայանը կաշխատի մինչև 2027թվականը: Իսկ նոր ատոմակայանի առնչությամբ ասաց․ - «Փող ունենալը, ինվեստիցիա ունենալը դեռ չի նշանակում, որ դու կունենաս ատոմային էներգետիկա: Այդ իսկ պատճառով մենք այս պահին երկարաձգում ենք մինչև 2027 թիվը: Անվտանգության խնդիրը մեզ համար չափազանց կարևոր է, և մենք մտադիր ենք ատոմային էներգետիկան միշտ ունենալ»:

2008 թվականի հոկտեմբերի 2-ին ժողովրդին և Ազգային Ժողովին հղված ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց․ - «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան- Հայաստան երկաթուղի կառուցվել»: Նախորդ ինը տարիներին այդ երկաթգիծը այդպես էլ մնաց թղթի վրա:

Այս առնչությամբ վարչապետն ասաց․ - «Իրան - Հայաստան երկաթգիծը կկառուցվի, թե չի կառուցվի, դա պետք է դնել կշեռքին և հաշվարկել․ եթե երկարգիծը կառուցվի, ինչպիսի ծառայության գին կլինի, ինչ ծավալով մենք այնտեղ կարող ենք ծառայություն մատուցել, և եթե, օրինակ, լինի ավտոճանապարհ, ծառայության գինը ինչպիսին կլինի: Քանի որ դա պետք է լինի բիզնես տրամաբանական, որ փոխադրողը այս ճանապարհը ընտրի: Համաձա՞յն եք: Ինքնանպատակ չի դա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG