Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը «աղաղակող» է համարում Մոսկվայի կողմից Ասադին պաշտպանելը


Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է քիմիական զենքի հարցով քննիչների մանդատի երկարաձգումը, Նյու Յորք, 24-ը հոկտեմբերի, 2017թ.
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է քիմիական զենքի հարցով քննիչների մանդատի երկարաձգումը, Նյու Յորք, 24-ը հոկտեմբերի, 2017թ.

Սպիտակ տունը երեկ Ռուսաստանին կոչ է արել չարգելափակել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցը քննող ՄԱԿ-ի խմբի մանդատի երկարաձգումը:

Ռուսաստանն անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելանք է դրել ՄԱԿ-ի հետաքննությունների կառույցի և քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության համատեղ խմբի՝ նոյեմբերի կեսին սպառվող մանդատը երկարաձգելու բանաձևի վրա:

Ռուսաստանին զայրացրել է ՄԱԿ-ի քննիչների եզրահանգումն առ այն, որ նախագահ Բաշար ալ-Ասադի բանակն է ապրիլին Խան Շեյխում քաղաքում զարին տեսակի գազ կիրառել, ինչի հետևանքով սպանվել են տասնյակ բնակիչներ: Ռուսաստանը և Սիրիան կտրականապես հերքում են այդ մեղադրանքը:

«Քննիչների խումբն արդեն չորրորդ անգամ է գրանցում Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառմամբ հարձակումը, այդ անմարդկային արարքը վկայում է Ասադի դաժանության և սահմռկեցուցիչ բարբարոսության մասին, և Ռուսաստանի կողմից նրան պաշտպանելն է՛լ ավելի աղաղակող է դառնում», - ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:

Խան Շեյխումի վրա քիմիական գրոհից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Պենտագոնը հրթիռակոծել է «Շայրաթ» օդային ռազմակայանը՝ ոչնչացնելով Ասադի բանակի տասնյակ ռազմական ինքնաթիռներ:

Արևմտյան հետախուզական ծառայությունների պնդմամբ, քիմիական մարտագլխիկներով հրթիռներ և ռումբեր կրող Ասադի ինքնաթիռները «Շայրաթ» օդակայանում են տեղակայվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG