Մատչելիության հղումներ

Ավելի քան երկու անգամ կկրճատվի ՀՀ նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը


ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, արխիվ:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, արխիվ:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը փոխանցեց, որ ապագա նախագահի աշխատակազմը նախատեսվում է հասցնել 180-200 հոգու։

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը նախատեսվում է կրճատել ավելի քան երկու անգամ։

Այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018-ից սպասվող փոփոխությունները ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը․ - «Եթե այս տարվա հաստատված բյուջեով նախատեսված էր 4 միլիարդ 880 միլիոն դրամ ընդհանուր ծախսերը, ապա հաջորդ տարվա համար նախագահի աշխատակազմի ծախսերի ընդհանուր գումարը նախատեսվում է 2 միլիարդ 381 միլիոն դրամի չափով»:

Նոր Սահմանադրությամբ, երկրի նախագահի լիազորությունների կրճատմանը զուգահեռ, անհրաժեշտություն է առաջացել նաև կրճատել աշխատակազմը։ Արմեն Գևորգյանը նշեց, որ կրճատումները նախագահականում դեռևս ամռանից են սկսել․ - «Տարին սկսվել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսի 1-ից կրճատել ենք մինչև 385, հոկտեմբերի 1-ից սահմանվել է 330: Նախագիծը, որ ներկայացված է, մշակվել է օգոստոս ամսին, այսինքն հիմք է ընդունվել 385 թիվը, մինուս այն ստորաբաժանումները, որոնք ակնհայտորեն պետք է բացակայեն ապագա նախագահի աշխատակազմում, այսինքն՝ վերահսկողական ծառայություն, Հանրային խորհրդի աշխատակազմ, Անվտանգության խորհրդի քարտուղարություն և այլն»:

Նախագահի աշխատակազմի ղեկավարն Ազգային ժողովում հայտարարեց, որ կրճատումները նախագահականում շարունակվելու են։ Աշխատակազմը նախատեսվում է հասցնել 180-200 հոգու։

Նշանակում է սա արդյոք, որ Նախագահի աշխատակազմում աշխատող մասնագետները գործազուրկ են դառնալու։ Այս առնչությամբ Գևորգյանն ասաց․ - «Կարող է լուծարվել, զրոյից նոր աշխատակազմ ձևավորվել, որը հնարավորություն կտա ապագա նախագահին և աշխատակազմի ղեկավարությանը ձևավորել աշխատակազմը, այդ թվում՝ գործող աշխատակիցներից՝ ռեզերվից իրանց բերելով: Կարա այլ ճանապարհ ընտրվի, որը ես հիմա դժվարանում եմ ասել: Բայց, այնուամենայնիվ, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում, փորձում ենք տեղավորել, կամ օգնել, աջակցել [աշխատանքի տեղավորելու] այս կամ այն նաև պետական մարմիններում, որպեսզի իրենց աշխատանքային պոտենցիալը չկորցնենք»:

Նախագահի աշխատակազմի որոշ լիազորություններ սահմանադրական փոփոխությունների արդյունքում անցնելու են Կառավարությանը, որի ֆինանսավորումը 2018-ի բյուջեով անհամամետ մեծ է լինելու նախագահականին հատկացվող գումարից:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյան․ - «Պետական կառավարչական հիմնարկի միջոցով իրականացվող ծրագրերի ընդհանուր գումարը նախատեսվում է 18 միլիարդ 590 միլիոն դրամի չափով»:

2018-ի բյուջեով աճելու է նաև Ազգային ժողովին հատկացվող ֆինանսավորումը։ Աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյան․ - «Ազգային ժողովի 2018 թվականի բյուջեն բաղկացած է 4 ծրագրերից և կազմում է 4 միլիարդ 585 միլիոն 513 հազար դրամ: Հատկացված գումարը 233 միլիոն դրամով ավել է, քան նախորդ տարի»:

Արա Սաղաթելյանը հատուկ անդրադարձավ լրագրողներին՝ նշելով, որ հարմարավետ աշխատանքի համար նրանց լրացուցիչ տարածք է հատկացվելու․ - «Մենք ծրագրում ենք լրագրողների համար ստեղծել երկու լրացուցիչ միջավայր: Այլ ոչ թե միջանցքում նստեց, սենց ընկճված․․․»

Արդյո՞ք փորձ չի արվում այդպիսով արգելել լրագրողներին միջանցքներում պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ հարցազրույց անել։ «Ազատության» հետ զրույցում Արա Սաղաթելյանը նշեց, որ նոր տարածքի հատկացումը լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակում չի նախատեսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG