Հայաստանը հույս ունի Մոսկվայից նոր վարկեր ստանալ՝ ռուսական զենքեր գնելու համար, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք խնդրեցինք ռուսական կողմին մեզ վարկ տրամադրել, սա առաջինը չէ, հերթականն է, և մենք հույս ունենք, որ սա կլինի մշտական», - ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության՝ ասել է Սերժ Սարգսյանը:
«Մեր զինված ուժերը վատ չեն համալրված տեխնիկական ու նյութական առումով, ունեն ժամանակակից զինամթերքի լուրջ նմուշներ և շատ արհեստավարժ սպաներ: Սակայն դա չի նշանակում, որ մեր զինված ուժերը չպետք է զարգանան, և հենց արդիականացման համար էլ մենք խնդրեցինք ռուսական կողմին մեզ վարկ տրամադրել», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Ավելի վաղ՝ անցած ամիս, Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանից ևս 100 միլիոն դոլարի վարկ վերցնելու համաձայնագրին՝ ռուսական զենք գնելու համար:
«Մենք որևէ մեկին չենք սպառնում, մենք ապահովում ենք մեր երկրի անվտանգությունը», - ասել է Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ պնդելով, թե ժամանակակից աշխարհում անհնար է միայնակ սեփական անվտանգության երաշխավորը լինել․ - «Հայաստանի զինված ուժերը երևի Հայաստանի անվտանգության առաջին երաշխավորն են, սակայն, ժամանակակից աշխարհում որևէ երկիր ի վիճակի չէ միայնակ և ամբողջովին ապահովել իր անվտանգությունը, այդ իսկ պատճառով դաշինքներ են ստեղծվում: Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք դրա հիմնադրման առաջին օրից»:
Դաշինքների մասին խոսելիս՝ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև համագործակցությունը Եվրասիական միության կազմում: «Արդեն կան օգուտներ», - ասել է նախագահ Սարգսյանը՝ պնդելով, թե բարելավվում է տնտեսության կառուցվածքը:
«Այս տարվա 8 ամիսների ընթացքում մենք եվրասիական շուկային մատակարարել ենք 35 տոկոսով ավելի շատ ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ», - ասել է Հայաստանի նախագահը՝ միաժամանակ փաստելով, որ կան նաև դեռևս չլուծված խնդիրներ․ - «Կա մաքսատուն, կա ֆիտոսանիտարիայի ծառայություն, այլ ծառայություններ, որոնց աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և այլ երկրներում դեռևս հեռու է կատարելությունից: Այդ իսկ պատճառով, այստեղ հարցեր են ծագում»:
Զգուշավոր քննադատելով Կրեմլի նախաձեռնած մաքսային միությունը՝ Հայաստանի նախագահը միաժամանակ պնդել է, թե Հայաստանը չի սխալվել, երբ 2013-ին որոշել է Եվրասիական միությանն անդամակցել:
«Հաջողությունները, որոնք տեսանելի են այս երեք տարիների ընթացքում, իսկապես վկայում են, որ ընտրությունը ճիշտ էր: Վստահ եմ, որ մենք մեծ հեռանկարներ ունենք, և մենք հավատում ենք, որ Եվրասիական միությունը կդառնա հաջողության պատմություն», - ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Ռուսաստան իր առաջիկա այցին ու այդ երկրում կազմակերպվող Հայաստանի օրերին՝ Սերժ Սարգսյանը պնդել է, թե չնայած առկա լավ հարաբերություններին՝ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է շարունակեն ամրապնդել երկկողմ կապերը, հակառակ դեպքում «կլինեն ոչ այնքան լավ արդյունքներ»:
«Բարեկամությունն ամրապնդելու վրա պետք է աշխատել: Եթե մենք մտածենք, թե շատ լավ, ջերմ հարաբերություններ ունենք և կարող ենք այս հարցով այլևս չզբաղվել, կհանգենք ոչ այնքան լավ արդյունքների: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է բարեկամություն անել, իսկ բարեկամություն անել՝ նշանակում է շփվել», - ընդգծել է Հայաստանի նախագահը:
Ռուսական հեռուստաընկերության լրագրողը նկատել է՝ այժմ շփման ավելի մեծ հնարավորություններ կան, Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը պնդել է՝ որքան շատ լինեն ռուս զբոսաշրջիկները Հայաստանում, այնքան կամրապնդվի ռուսերենը:
«Խոսքը միայն տնտեսության ու բիզնեսի մասին չէ, հասկանալի է, չէ՞..․ Որքան շատ են ռուս զբոսաշրջիկները, այնքան ավելի շատ են Հայաստանում մարդիկ, որոնք շահագրգռված են գերազանց տիրապետել ռուսերենին՝ սկսած տաքսու վարորդներից մինչև մատուցողներ, հյուրանոցների մենեջերներ և այլն: Այսինքն, ռուս զբոսաշրջիկների մեծ հոսքը ապահովում է ռուսերենի զարգացումը», - նշել է Հայաստանի նախագահը: