Երեքշաբթի կեսօրից հետո վարձակալած թեթև բեռնատարի ղեկին գտնվող Սաիպովը Նյու Յորքի թերևս ամենաամարդաշատ թաղամասերից մեկում` հարավային Մանհեթենում, Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու, վրաերթի ենթարկեց անցորդներին ու հեծանվորդներին`ութ մարդու մահվան պատճառ դառնալով, ինչպես նաև վնասվածքներ հասցնելով առնվազն 12 հոգու:
Այն բանից հետո, երբ Սաիպովի վարած բեռնատարը բախվեց դպրոցական ավտոբուսին, զինված ահաբեկիչը փորձեց լքել տարածքը, սակայն վրա հասած ոստիկանները բավական արագորեն վնասազերծեցին նրան: Ականատեսների վկայությամբ, ձերբակալությանը նախորդած պահին նա մի քանի անգամ բացականչել էր «Ալահու աքբար»: Ընդամենը մի քանի րոպե շարունակված այս դրամատիկ իրադարձություններին հետևում էին հարևանությամբ գտնվող դպրոցի աշակերտները, որոնց հաջողվել էր երկրորդ հարկի դասասենյակներից մեկի պատուհանից հեռախոսով տեսագրել ձերբակալության պահը:
Սայֆուլո Սաիպովն այս պահին ձերբակալված է և գտնվում է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում նա հրազենային վնասվածքներ էր ստացել: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ոստիկանները ահաբեկչության գործիք հանդիսացած բեռնատարից նաև մի երկտող են գտել, որում հիշատակում կա «Իսլամական պետություն» խմբավորման մասին:
«Տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն էր, վախկոտ մարդու կողմից իրականացված ահաբեկչական գործողություն, որի թիրախը որևէ մեղք չունեցող խաղաղ բնակիչներն էին: Այդ մարդիկ զբաղված էին իրենց ամենօրյա հոգսերով և կասկած անգամ չունեին, որ իրենց նման հարված է հասցվելու», - ահաբեկչությունից մոտ երկու ժամ անց հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
Արդեն հայտնի է, որ զոհերի մեծ մասը օտարեկրկացիներ էին: Ութ զոհերից հինգը Արգենտինայի քաղաքացիներ էին, որոնք խմբով Նյու Յորք էին ժամանել դպրոցն ավարտելու 30-ամյակը նշելու նպատակով: Զոհերից մեկը Բելգիայի քաղաքացի է: Այդ մասին հաղորդել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
Իր հայրենի Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը բավական արագորեն արձագանքեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Չխախտելով ավանդույթը` նա մի շարք գրառումներ կատարեց Twitter-ի իր էջում:
«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի «Իսլամական պետությունը» վերադառնա կամ մուտք գործի մեր երկիր այն բանից հետո, երբ մենք հաղթեցինք [ահաբեկիչներին] Մերձավոր Արևելքում», - գրել է Թրամփը:
Դրանից մի քանի ժամ անց արված մեկ այլ գրառման մեջ Սպիտակ Տան ղեկավարը նշել է․ - «Ես հենց նոր հանձնարարեցի Ներքին անվտանգության դեպարտամենտին առավել մանրակրկիտ կերպով ստուգել երկիր մուտք գործող օտարեկրացիներին: Քաղաքական կոռեկտությունը լավ բան է, բայց ո՛չ այս դեպքում»: