Վերջին ութ տարվա մեջ արդեն երկրորդ անգամ Միացյալ Նահանգների զինված ուժերը, պաշտոնական Քաբուլի խնդրանքով, տեղեկատվություն չեն տրամադրում Աֆղանստանի բանակում և ոստիկանական ուժերում զոհերի ու կորուստների թվի վերաբերյալ: Երեկ այս մասին հայտարարել է Աֆղանստանի վերականգնման հարցով հատուկ գլխավոր տեսչությունը (SIGAR - Special Inspector General for Afghanistan Reconstruction):
Ավելի վաղ տեսչության զեկույցից հայտնի էր դարձել, որ աֆղանական բանակում և ոստիկանությունում կորուստներն ավելացել են վերջին վեց ամիսներին՝ «Թալիբան»-ի ակտիվացմանը զուգընթաց:
Դիտորդական գործակալության ղեկավար Ջոն Սոպկոն քննադատել է զինված ուժերի այս որոշումը, ընդգծելով, որ այդ տվյալները անհրաժեշտ էին՝ գնահատելու համար Աֆղանստանում ընթացող վերականգնողական գործողությունները: Մասնավորապես, Աֆղանստանի անվտանգության ուժերի ուսուցման ու վերազինման վրա 2002 թվականից ծախսվել է ԱՄՆ-ի տրամադրած 121 միլիարդ դոլարի ավելի քան 60 տոկոսը: