Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չգիտի, թե ում է նկարագրել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր գրառմամբ:
Նա շեշտեց, որ իր կենսագրությունում չեն եղել բանակից խուսափելու դրվագներ: 1992 թվականին 17 տարեկանում ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, զուգահեռ հեռակա սովորել է նաև Սանկտ Պետերբուրգի Պետական կառավարման ակադեմիայում, օգտվել է տարկետման իր իրավունքից․ - «Օրենքով սահմանման կարգով ես ծառայել եմ Զինված ուժերում, որով շատ հպարտ եմ: Ես չեմ մեղադրում էն մարդկանց, որ չեն հասկանում, որ կան ծառայության ամենատարբեր տեսակներ Զինված ուժերում, և չեն ուզում լսել մինչև վերջ, որ առաջարկվող օրենսդրությունը այդպիսի հնարավորություն բացում է մեր բազմաթիվ երիտասարդների առջև: Ես ունեցել եմ օրենքով սահմանված տարկետում, ստացել եմ օրենքով սահմանված սպայի կոչում: Այդ սպայի կոչումով ծառայել եմ Զինված ուժերում, ինչպես բազմաթիվ սպաներ ծառայում են Զինված ուժերում»:
«Գիտեք ինչն ա զավեշտ», - շարունակեց Վիգեն Սարգսյանը: - «Մենք փոքր երկիր ենք, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են: Ես ունեցել եմ առնվազն 100 համակուրսեցի․․․ Պարզ ա, չէ՞, որ ես Պաշտպանության նախարար լինելով, պետք ա ինձ չհարգեմ, որ հեռուստատեսությամբ ասեմ մի բան, որ գիտեմ, որ առնվազն հարյուր մարդ գիտի, որ այդպես չի»:
Հիշեցնեմ, շաբաթ օրը Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր զորակոչին առնչվող հարցերի քննարկումներին՝ գրելով, որ հիշում է, թե ինչպես էր այժմ «ինքնագոհ, մատը թափ տալով զորակոչի մասին ճառող բարձրաստիճան պաշտոնյան», ում ինքը 25 տարի ճանաչում է, «մոտ 18 տարի» առաջ խուսափում բանակից՝ հայտնվելով անգամ ռազմական ոստիկանության կողմից որոնվողների ցանկում:
Ըստ Ռուզաննա Խաչատրյանի, այժմ բարձրաստիճան այդ պաշտոնյան այն ժամանակ ինչ-ինչ միջնորդությունների արդյունքում կարողացել է խուսափել պատժից:
Այս գրառումից հետո Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց Քրեական օրենսգրքի սուտ մատնությանը վերաբերող հոդվածը եւ շեշտեց, որ նախարարը երբեք չի խուսափել բանակից:
Այս պարզաբանումից հետո երեկ երեկոյան Ռուզաննա Խաչատրյանը նոր գրառում է կատարել ֆեյսբուքում՝ «Ընտրություններից հետո կամ «հեղափոխությունից» առաջ» վերնագրով, որտեղ անդրադառնում է նաև հարցեին, թե որ պաշտոնյանին նկատի ուներ իր նախորդ գրառման մեջ՝ անուն, սակայն, չհնչեցնելով․ - «Ի վերջո, ո՞վ է այն անձը, ում նկատի ունեմ ես... Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև»:
Արդեն հետգրության մեջ Ռուզաննա Խաչատրյանը հավելել է․ - «Փնտրվող պաշտոնյայի արտաքին նկարագրողական մի քանի դետալներ․ փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին»:
Այսօր Պաշտպանության նախարարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսայնը, ով հյուրընկալվել էր ազատության «Ֆեյսբուքյան ասուլիս» ծրագրում, նշեց, Ռուզաննա Խաչատրյանի երկրորդ գրառումը Ֆեյսբուքում չի տեսել, մեկնաբանել չի պատրաստվում:
Հովհաննիսյանը պնդեց, որ չի մեկնաբանել նաև Սեյրան Օհանյանի տիկնոջ առաջին գրառումը, այլ պատասխանել է լրագրողների՝ պաշտպանության նախարարի բանակում ծառայությանը վերաբերող հարցերին: