Մատչելիության հղումներ

Առևտրականները պահանջում են իրենց չենթարկել «հարկային տեռորի»


Նրանք պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել և կրճատել փաստաթղթաշրջանառությունը:

Երևանի «Առինջ Մոլի» և այլ բացօթյա առևտրի կենտրոնների առևտրականներն այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով իրենց չենթարկել «հարկային տեռորի»։

Ձեռներեցները ցանկանում են մեկ պատուհանի սկզբունքով հարկ վճարել ամսական մեկ անգամ՝ այդպիսով ազատվելով իրենց ձևակերպմամբ՝ բյուրոկրատական, ժամանակ վատնող քաշքշուկներից։

Պետեկամուտների կոմիտեի նախագահը, մինչդեռ, պնդում է՝ հարկեր պետք է վճարեն բոլորը:

Ազգային ժողովի շենքի դիմաց իրենց բողոքն արտահայտող առևտրականները «Ազատության» հետ զրույցներում նշում էին, թե Պետեկամուտների կոմիտեի պահանջով իրենք ստիպված են ոչ միայն փաստաթղթավորել ապրանքը, այլև չվաճառված ապանքը խանութից պահեստ կամ պահեստից խանութ տեղափոխելու գործընթացը իրականացնել օնլայն եղանակով՝ դրա համար որոշակի փաստաթղթեր լրացնելով, հակառակ դեպքում կտուգանվեն 240 հազար դրամի չափով։ Նրանք պնդում են, որ այդ գործընթացն իրականացնում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որը մենաշնորհային դիրք է վայելում:

«Ես ամեն շաբաթ պըտի էդ գույքագրումը անեմ, փաստաթուղթը պըտի ձեռս ըլնի, որ տանեմ Մալաթիա, հետո Մալաթիայից պըտի գրեմ, որ բերեմ Առինջ: Ես պըտի բագաժնիկումս մի հատ հաշվապահ պահե՞մ, որ էդ գրի․․․», - բորբոքված ասում էր բողոքավորներից մեկը:

Մինչ առևտրականներ խորհրդարանի շենքի մոտ բողոքում էին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այս հարցի շուրջ լրագրողներին պարզաբանում էր տալիս՝ պնդելով, թե առևտրականները փորձում են թաքցնել իրենց շրջանառությունը․ - «Օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է հարկերը բոլորը վճարեն: Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների, դուք էլ պետք է հասկանաք, ու դուք ինքներդ պետք է կանգնեք մեր կողքին, և բոլոր էն մարդիկ, որ խուսափում են հարկերից, ոչ թե դրանց քաջալերեք, այլ բացատրեք, որ չի կարելի հարկ չվճարելով, միտինգ անելով, ակցիա անելով խուսափել հարկերից: Դա բացառվում ա»:

ՊԵԿ նախագահը նաև պնդեց, թե ցուցարարներին ուղղորդում են, բայց և հավելեց, որ ուղղորդողը «Ծառուկյան» դաշինքը չէ, որի պատգամավորներըն աջակցությունն են հայտնել առևտրականներին․ - «Առևտրականներին ուղղորդում են իրենց մեջ եղած էն առևտրականները, որոնք փորձում են շրջհարկի տակ թաքնվել, այնինչ պետք է գործեն ավելացված արժեքի հարկի դաշտում»:

Վարդան Հարությունյանը նշեց, որ բողոքող առևտրականներին անգամ անվճար հաշվապահական ծառայություններ են առաջարկել, ինչից նրանք հրաժարվել են․ - «Որովհետև շրջանառությունը չեն ուզում ցույց տան: Ավելին, ուզում եմ ասել, որ ոչ բոլոր տնտեսվարողներն են էդ վիճակում: Կան տնտեսվարողներ, որոնք օրինական դաշտում աշխատում են, օրինականությունը պահպանում են»:

Առևտրականների ակցիայի կազմակերպիչ «Համերաշխություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ներսիսյանը, հակադարձելով ՊԵԿ-ի առաջարկին, այսպիսի պատասխան տվեց․ - «Դնում է յուղոտ պանիր էդ թալակների մեջ, որը մուկը ուտի, ընկնի էդ թալակի մեջ: Էդ իրանց կողմից առաջադրված անվճար հաշվապահները․․․ ամենալավ հոլանդական պանիրն ա»:

Երբ լրագրողները փոխանցեցին ՊԵԿ նախագահի պատասխանը, որ անվճար հաշվապահ կտրամադրեն, նրանք սկսեցին պահանջել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականը:

Այնուհետև նրանք հանդիպեցին «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ, ովքեր առաջարկեցին գրավոր ձևակերպել խնդիրն ու հնարավորության դեպքում աջակցել նրանց։ Միքայել Մելքումյանը շեշտեց՝ առեւտրականները պետք է ազատ գործեն․ - «Բայց պետք չի, որպեսզի հարկայինը դառնա առանց էդ էլ քիչ եկամուտներ ստացողների համար, առանց էդ էլ ծանր պայմաններում աշխատողների համար մի մահակ, որը ճնշում ա և վերջին տառը պահանջում ա, որպեսզի կատարվի: Պետք ա տալ ազատություններ․ միտքը էդ ա»:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելի խիստ գնահատական հնչեցրեց․ - «Մեկ բան պարզ ա․ գնում ա մարդկանց, հատկապես փոքր և միջին ձեռներեցների վերջին կաշին քերթելու ճանապարհով»:

Թե ինչու է միայն «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը վերահսկում ապրանքաշրջանառությունը, ՊԵԿ լրատվական բաժնից խոստացան պատասխանել ավելի ուշ:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը, մինչդեռ, կարծիք հայտնեց, որ այլ ընկերություններ ևս կարող են նման գործունեություն ծավալել՝ արգելք չկա։ Նաեւ նշեց, որ առևտրականները կարող են հրաժարվել այդ ընկերության ծառայությունից. բայց չեն կարող հրաժարվել կատարել օրենքի պահանջը՝ թափանցիկ ներկայացնել ապրանքաշրջանառությունը։

Ավագյանի կարծիքով՝ հարկերի վճարման մեկ պատուհանի սկզբունքը ճիշտ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG