Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբին արգելվել է հանդիպել քաղաքական հնչեղություն ստացած գործերով ամբաստանյալների հետ: Այսօր այս մասին հայտնեցին բանտերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները՝ ներկայացնելով 2016 թվականի հաշվետվությունը:
Հրապարակված զեկույցում դիտորդներն ընդգծել են, որ արգելքը, մասնավորապես, տարածվել է նաև 2016 թվականին Երևանում ոստիկանության ՊՊԾ գուդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների և փոխկապակցված գործերով անցնող անձանց տեսակցությունների վրա: Շեշտելով, որ նախկինում անկախ դիտորդները նման խոչընդոտի չեն հանդիպել, դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը նկատել տվեց, որ արդարադատության նախարարությունը չի պահպանել թափանցիկ և բաց աշխատաոճը: «Այդ խնդիրը մինչ այժմ չենք ունեցել, մենք ունեցել ենք ահազանգեր, որ նրանք պահվում են անմարդկային պայմաններում, չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն, ունեն բավական լուրջ խնդիրներ խցակիցների հետ, սակայն խումբն արձագանքել չի կարող, քանի որ տեսակցության արգելանք է դրված»,- նշեց դիտորդը:
Կոռուպցիան, առողջապահական ծառայությունների ու սննդի վատ որակը, ազատությունից զրկված մարդկանց պահման ոչ բարենպաստ պայմաները, խոցելի խմբերի նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակում են լրջագույն խնդիրներ մնալ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, փաստում է զեկույցը: Դիտորդական խմբի անդամ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց իր պաշտպանյալի և տարեսկզբին մահացած «Հաց բերողի»՝ զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրված Արթուր Սարգսյանի դեպքերը: «Ում որտեղը ցավում է, անալգին դիմիդրոլ է տրամադրվում: Տեսաք՝ «Հաց բերողի» հարցը, երբ անձն ապօրինի կալանքից հետո հացադուլի հետևանքով մահացավ: Արարատ Խանդոյանի դեպքում, ինչպես գիտեք, նա բազմաթիվ առողջական խնդիրներ ուներ, բայց նրան պատուհանները կոտրված պատժախուց տեղափոխեցին: Հիմա էլ իմ պաշտպանյալի մոտ գլխի կիստա են հայտնաբերել, և նորից պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում»,- ասաց Ղարագյոզյանը:
Զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» գործով անցնող Թաթուլ Թամրազյանի փաստաբան Նինա Կարապետյանցն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ վերջին դատավարության ընթացքում բոլոր ամբաստանյալները դժգոհել են հենց առողջական վատ վիճակից: «Սա միայն փաստաբաններն ու իրավապաշտպանները չեն բարձրաձայնում, հենց իրենք՝ ամբաստանյալներն են բարձրաձայնում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իրենք չունեն բավարար հնարավորություններ իրենց խնդիրները բարձրացնելու»,- ասաց փաստաբանը:
180 էջանոց զեկույցում ներառվել են նաև դատապարտյալների հետ հարցումների արդյունքեր: Ըստ այդմ՝ պարզվել է, որ բանտերում մեծ թիվ են կազմում սրտի իշեմիկ հիվանդությամբ և շաքարային դիաբետով տառապող անձինք, որոնց չեն ապահովել պատշաճ քանակի դեղորայքով: Շատ վատ վիճակում են բանտախցերը, դրանք շարունակում են գերբեռնված մնալ: Որոշ բանտերում 6 հոգու համար նախատեսված խցում պահվում է 30-40 դատապարտյալ: Սանհանգույցները զուրկ են սանիտարահիգենիկ նվազագույն պայմաններից: Ըստ զեկույցի՝ սարսափելի է ոչ միայ սննդի որակն ու քանակը, այլև դրաց պահման պայմանները: Արձանագրվել է դեպք, երբ հացը հատակին գցված է եղել, ճաշը պատրաստվել է թթված բանջարեղենով, սննդի միջից էլ միջատներ են դուրս եկել:
Առանձին բաժնով ներկայացված է նաև ՔԿՀ-ներում առկա կոռուպցիայի խնդիրը: Ըստ դիտորդների՝ մեկ հանձնուքի համար բանտարկյալը պետք է վճարի 30000-80000 դրամ: Ընդ որում՝ այս թիվը վերջին երեք տարիների ընթացքում առնվազն երկու անգամ աճել է: Հավելյալ տեսակցության իրավունք ստանալու համար վճարվում է 5000-ից 10000 դրամ, որոշ դեպքերում այդ թիվը կարող է հասնել նաև 50000-ի:
Աղաղակող այս փաստերին ծանոթանալուց հետո Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն արձագանքեց՝ պատկերը չափազանցված է, տվյալներն էլ հին: Քրմոյանի պնդմամբ՝ իրենց գերատեսչությունը խնդիրների մեծ մասին արդեն լուծում է տվել․ բանտախցերի գերբնակեցման խնդիր չկա, սննդի հարցը կարգավորված է, բուժաշխատողների հետ աշխատանք է տարվել, բժշկական սարքերը բավարարում են, շենքերի զգալի մասը ջեռուցվում է:
Մեր դիտարկմանը՝ այդ դեպքոմ ինչի՞ց են դժգոհում փաստաբաններն ու դիտորդները, Քրմոյանն արձագանքեց՝ երբեմն «արձանագրում են արձանագրելու համար»: «Փաստերով ենք խոսում: Եթե ընդհանրական փորձեն մոտեցում դրսևորեն, որ ոչինչ չի արվում, դա իրականում այդպես չէ: Եթե մենք ասենք, որ վիճակը շատ բարվոք է, դա նույնպես այդպես չէ: Բայց նաև մենք արձանագրում ենք, որ էական քայլեր ենք արել այդ ոլորտում իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասաց փոխնախարարը:
Հասարակական դիտորդների խմբի նախագահ Արայիկ Զալյանն «Ազատության» հետ զրույցում արձանագրեց՝ իրենք շոշափելի արդյունքեր դեռևս չեն նկատել: