Մատչելիության հղումներ

ԵՄ - Հայաստան ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ


Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցած շաբաթ կայացած հանդիպումներից հետո Հայաստան վերադարձած քաղհասարակության ներկայացուցիչները համոզմունք ունեն, որ Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո, Բրյուսելը մինչև տարեվերջ հնարավոր է սկսի ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ուրբաթ օրը Տալլինում Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի ու Եվրամիության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ շփումներից եզրակացրել է, որ կառույցը դեմ չէ հարևան Վրաստանի նման Հայաստանի համար էլ ազատ վիզային ռեժիմ սահմանել․ - «Մոտավորապես երեք տարի: Ավելի շուտ դժվար կլինի․ օրենսդրությունը պետք է փոփոխվի, որը կարելի է մի տարում, մեկուկես տարում անել, և տեխնիկական մի քանի հարցեր կան, որոնք Հայաստանը պետք է լուծի: Բայց դրանք լուծելի հարցեր են»:

Էստոնիայի մայրաքաղաքում անցկացված Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի մեկ այլ մասնակից, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի կարծիքով, բանակցությունները հնարավոր է մեկնարկեն արդեն այս տարվա դեկտեմբերին․ - «Չի բացառվում, որ բանակցությունները հենց էս տարի կսկսեն: Բանակցությունները սկսելու համար Եվրամիությանը պետք է անդամ 28 պետություններից մանդատ ստանալ, և չի բացառվում, որ դա կլինի տեսանելի ապագայում»:

Վիզաների ազատականացման հարցը ներառված է նաև ԵՄ - Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրում, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին։

Քաղհասարակության ներկայացուցիչներն ընդգծում են, որ բանակցությունների մեկնարկը դեռ վերջնական հաղթանակի երաշխիք չէ: Նրանց խոսքով՝ ազատ վիզային ռեժիմի համար Հայաստանի առջև մի շարք կարևոր նախապայմաններ են դրվելու։

«Հիմնական նախապայմանը լինելու է հենց դատաիրավական բարեփոխումները, որովհետև․․․ շատերը, որ գնում են Հայաստանից Եվրոպայում քաղաքական ապաստարան են խնդրում, հիմնական բանը, որ ասում են, ասում են՝ մենք մեր երկրում հետապնդվում ենք և վատ դատարանների պատճառով չենք կարողանում հասնել արդարությանը: Եվրամիությանը շահագրգռված է, որ Հայաստանում լինեն լավ դատարաններ ոչ միայն, որպեսզի մենք օգտվենք լավ դատարանների և անկախ դատարանների պտուղներից, այլ որպեսզի քաղաքական ապաստարան ուզողների թիվը չմեծանա», - ասաց Իոաննիսյանը:

«Այստեղ կարևոր է, որ ստորագրումից հետո քաղաքացիական հասարակությունը և ԶԼՄ-ը ստացվում են օֆիցիալ ինստրումենտ ազդելու: Մեզ չեն կարող ասել՝ պայմանագիրը կնքեցինք, կարող է կատարենք, կարող է չկատարենք: Պարտավոր են: Հայաստանը պարտավորվեց, Եվրամիությունն էլ պարտավորվեց: Ու ստեղ է, որ մենք ձեզ հետ ակտիվ կստիպենք, որ, օրինակ վիզաների հեշտացման պրոցեսում անտիդիսկրիմինացիոն օրենսդրությունը պարտավոր եք ընդունել»:

Տալլինում կայացած ֆորումին քաղհասարակության ներկայացուցիչները ստացել են նաև վերջին շաբաթներին ամենաշատը քննարկվող հարցերից մեկի պատասխանը՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը խանգարող հանգամանք չկա:

Այս առնչությամբ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին պատասխանել է անձամբ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը․ - «Ուզում եմ սկզբից ևեթ հստակ ասել, որ համաձայնագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա: Եվ գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է, սրա շուրջ որևէ քննարկում չկա»:

Քաղաքագետի կարծիքով, Հանի պատասխանը սպառիչ էր: Ըստ նրա, ոչ հրապարակային քննարկումների ժամանակ նույնպես ԵՄ ներկայացուցիչները վստահեցնում էին, որ ստորագրմանը չեն կարող խոչընդոտել նաև դրանով չշահագրգռված երրորդ երկրները․ - «Մեզ մոտ կասկածներ կան, որ Ադրբեջանը ինչ-որ մեկի միջոցով․․․ Հստակ էր ասված: Ինձ շատ դուր եկավ նաև, որ այս փաստաթուղթը ուղղված չի երրորդ պետությունների դեմ»։

Հիշեցնենք, Եվրամիության հետ համագործակցության նոր համաձայնագիրը նախաստորագրվեց 2017 թվականի սկզբին։ Նոր փաստաթուղթը, ըստ փորձագետների, հատկապես տնտեսական առումով առավել համեստ է՝ կյանքի չկոչված Ասոցացման համաձայնագրի համեմատ, որը կյանքի չկոչվեց Հայաստանի՝ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը անդամակցելու որոշումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG