Շարունակվում է «Իգլա»-ի գործով դատավարությունը։ Այսօրվա նիստում ցուցմունք է տալիս Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
Բաբայանը հայտարարեց, որ հանցավոր որևէ արարք չի արել, մեղավոր չէ։ Ավելին՝ Բաբայանը պնդեց, որ ինքն է ընկերոջը՝ Սանասարյան Գաբրիելյանին հորդորել ձեռք չբերել «Իգլա» զինատեսակը։
Ներկոտված եվրոների մասով էլ Բաբայանն ասաց, թե ընկերն է Ռուսաստանից պարտք ուղարկել, ինքը չի իմացել, թե ինչու են թղթադրամները գունապատված։
Հիշեցնենք՝ անցած դատական նիստին առանցքային մեղադրյալներից Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով մինչև այդ պնդում էր, թե գործը շինծու է, ինքը որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ, հայտարարեց, թե ինքն է ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը՝ բանակին նվիրելու նպատակով:
Նշենք, որ ըստ մեղադրանքի, Բաբայանն է դրդել Գաբրիելյանին ու մյուսներին ձեռք բերել «Իգլա» զինատեսակը: Թե ինչ նպատակով՝ մեղադրականում չի հստակեցվում:
Սամվել Բաբայանը ձերբակալվել է այս տարվա մարտի 22-ին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Նա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրն էր։
Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով:
Բաբայանն ինչպես այս, այնպես էլ «Իգլա» ձեռք բերելու հետ կապված մեղադրանքները չի ընդունում:
Մանրամասներն՝ ավելի ուշ