Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկել է 2018-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը


Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ քննարկումների արդյունքում կունենան այս պահի դրությամբ երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018-ի համար։

Կարեն Կարապետյանը բոլոր հարցերին բաց, հրապարակային, կոնստրուկտիվ, օպտիմալ լուծումների գտնելուն ուղղված քննարկումների պատրաստակամություն է հայտնել։

«Հաշվի առնելով մեր կառավարության 2017-2022 թվականների ծրագրի նպատակադրումները՝ 2018 թվականի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ մենք փոփոխություններ են նախագծել: Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակվելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում», - ասել է վարչապետը՝ շարունակելով. - «Պետական բյուջեի նախագիծը բավական ծավալուն փաստաթուղթ է, և Ազգային ժողովում, մասնավորապես, հանձնաժողովների նիստերում նախատեսվում է դրա խորը քննարկումը: Այդ կապակցությամբ այսօր չեմ ծանրաբեռնի ձեր ուշադրությունն առանձին մանրամասներով՝ նաև նկատի ունենալով, որ թե՛ դուք, և թե՛ հանրությունն առաջիկա օրերին հնարավորություն կունենաք ստանալ ֆինանսների նախարարի և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պարզաբանումները բյուջեի նախագծի վերաբերյալ»։

Վարչապետը ընդգծել է բյուջեի նախագծի հիմքում ընկած մի քանի դրույթներ. - «Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար: 2017-ի հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը: Ինչ վերաբերում է 2018-ի բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: Այլ կերպ ասած, առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները թե´ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, և թե´ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր և ծավալուն աշխատանք կպահանջի»։

Ըստ Կարեն Կարապետյանի, պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը:

«Նշված քաղաքականությունը կապահովի երկրի գրավչության աստիճանի բարձրացումը՝ ձևավորելով կայուն երկարաժամկետ, անվտանգ զարգացման ամուր հիմք: Երրորդ՝ մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման, և թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: Այստեղ կարևորվել է արդյունավետ եկամտային համակարգի հիմքերի ձևավորումը, որը կապահովի հարկային եկամուտների կայուն առաջընթացը ՀՆԱ աճից, ինչպես նպատակադրված է կառավարության ծրագրում», - ասել է վարչապետը՝ շարունակելով. - «Այս քննարկումները լավ հնարավորություն են միասին մանրամասն ուսումնասիրելու մեր ամենակարևոր փաստաթղթերից մեկը, և ես վստահ եմ և հուսով եմ, որ մենք բոլորս կօգտագործենք այս հնարավորությունը, աշխատենք մաքսիմալ արդյունավետ, պրագմատիկ և ռացիոնալ, որպեսզի ստանանք մեր երկրի և քաղաքացու համար այս պահին հնարավոր լավագույն արդյունքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG