«Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը», - այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:
Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ հրապարակած մեկնաբանությունում Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շեշտում է, որ «ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը»։
«Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, Կատալոնիայի խորհրդարանը երեկ ընդունեց անկախության հռչակագիր, իսկ Իսպանիայի Սենատը նույն օրն իսկ ընդունեց երկրամասը Մադրիդի ուղիղ կառավարման տակ դնելու որոշում:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների շուրջ 90 տոկոսը ձայնը տվել է անկախության օգտին: