Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը և Երևանի քաղաքապետը այցելում են Լեռնային Ղարաբաղ


Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջից

Բանակաշինությանը և Երևան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր են քննարկվել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ, որին մասնակցել է ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Այսօր Ստեփանակետում կայացած հանդիպմանը խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ Սահակյանն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ տարածաշրջանում կայունության պահպանման կարևորագույն նախապայմաններից մեկն է, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երևանի քաղաքային իշխանություններին Պաշտպանության բանակի, Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը Երևանի հետ դրական ազդեցություն է թողնում Ղարաբաղում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա:

Նույն օրը Վիգեն Սարգսյանը Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ բանակի կենտրոնական զորամասերից մեկում հանդիպել է նորավարտ սպաների հետ: Հայաստանի պաշտպանության նախարարը անդրադարձել է Զինված ուժերի համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող և ակնկալվող հայեցակարգային փոփոխություններին, պարզաբանումներ տվել «Ազգ-բանակ», «Դիտակետ» ու «Ես եմ» ծրագրերի, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացած «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Վիգեն Սարգսյանը հավաստիացրել է, որ «բոլոր փոփոխություններն ունեն մեկ վերջնական նպատակ. ամրապնդել մեր պաշտպանունակությունը, կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները և բարձրացնել զինծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանվածության մակարդակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG