Մատչելիության հղումներ

Գարրի Քյոսայանը Yerevan Jazz Fest-ին մասնակցելու հրավեր չի ստացել


Հոկտեբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ջազի սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրել մեր անվանի ջազմեններից Գարրի Քյոսայանի և նրա աֆրաամերիկացի ընկերներին՝ «Գարրի Քյոսայան ջազ քառյակի» անդամներին:

Հանրահայտ ջազմեններ Լուիս Վան Թեյլորին, Կարլ Վինսենթին, Դոնզել Դևիսին համերգի ընթացքում կմիանան Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանն ու այլք:

Համերգը խորագրված է Message from Ararat («Ուղերձ Արարատից»):

Ուշագրավ է, որ հանրահայտ այս ջազմենների վաղվա համերգը ոչ մի կապ չունի երեկ երեկոյան մեկնարկած ջազ փառատոնի՝ Yerevan Jazz Fest-ի հետ: Ավելին, այսօր հրավիրած ասուլիսին Գարրի Քյոսայանն այս մասին հատուկ շեշտեց՝ ընդծելով, որ իրենց ոչ ոք չի հրավիրել մասնակցելու այս փառատոնին․ - «Չգիտեմ ինչու: Նույն պատճառով էլ կարող եմ ասել, որ տպագրվել է հայկական ջազի մասին գիրք, որում բոլոր ջազմենների անունը կա, իմ անունը էնտեղ չկա»:

Քյոսայանը հավելեց, որ սա հոբելյանական 10-րդ համերգն է, որ ինքն իր ընկերները ներկայանում են ջազի երկրպագուներին, և այս համերգի շուրջ պայմանավորվածությունը դեռ մայիսին է կայացել Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրինության հետ:

Ինչ վերաբերում է համերգային ծրագրին, ապա հնչելու են հենց իր ստեղծագործությունները․ - «Լինելու են իմ նոր ստեղծագործությունները, լինելու է նոր երգ, որը գրվել է Ջազի օրվա կապակցությամբ: Պիտի կատարվեր Կասկադում ապրիլի 30-ին, չկատարվեց տեխնիկական պատճառներով: Եվ կա անակնկալ ծրագրում՝ երեք երգի պրեմիերա է լինելու»:

Ամերիկացի գործընկերների հետ Գարրի Քյոսայանն աշխատում է 1995 թվականից, բազմաթիվ ձայնագրություններ ունեն, նրանցից Լուիս Վան Թեյլորն արդեն երրորդ անգամ է Հայաստանում և ջազի երկրպագուները նրան լավ են այստեղ ճանաչում: Իսկ Դոնզել Դևիսը, օրինակ, առաջին անգամ է Հայաստանում և հույս ունի այստեղ ջազի լավ ունկնդիր տեսնել:

Գարրի Քյոսայանը շեշտում էր, որ թե՛ իր հայաստանցի ընկերները, թե ՛ամերիկացիները փայլուն երաժշիտներ են և մեր ունկնդիրը առիթ ունեցել է համոզվել դրանում:

Լուիս Վան Թեյլորի խոսքով, հայաստանիցի ունկնդիրը մեծ խանդավառություն է դրսևորում համերգների ժամանակ․ - « Ձեր հանդիսատեսը լի է էնտուզիազմով, մեծ էներգիայով, նաև պատասխանատվությամբ»:

Նա հավելեց, որ այստեղ ունկնդրի հետ կապն ինքը հիանալի է զգում, և դա «իսկական ստեղծագործական ազատություն է տալիս ջազմենին»:

Թե՚ ամերիկացի երաժիշտների, թե՚ Գարրի Քյոսայանի համոզմամբ, ջազի դասական լեգենդների շնորհիվ դեռ անցյալ դարի կեսերից ջազը մեծ ձեռք բերումների հասավ՝ դուրս եկավ պանդոկներից ու ակումբներից և նվաճեց աշխարհի լավագույն բեմահարթակները․ - «Ի շնորհիվ Լուի Արմսթրոնգի, Դյուկ Էլինգտոնի և Էլլա Ֆիցջերալդի և Օսկար Պիտերսոնի, Դեյվ Բրուբեքի, Քաունթ Բեյսիի, ջազը բարձրացավ մեծ բեմ, և աշխարհը, Եվրոպան, ամենամեծագույն դահլիճները հեղեղեց ամերիկյան ջազ երաժշտությամբ: Նրանց շնորհիվ ջազը դարձավ համաշխարհային մեծ արվեստ և մինչև հիմա ապրում ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG