«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ հաղորդագրություն էր տարածել, պնդելով, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել էր, թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, թեև հնարավոր է, որ դա տեղի չունենա նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:
Այսօր նա «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք՝ Հայաստանի պատվիրակության մի մասը, սխալ էին հասկացել Հանի հայտարարությունը: Նա ասել էր, որ վստահ է՝ համաձայնագիրը կստորագրվի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում կամ դրա շուրջ, ինչն էլ սխալման պատճառ է դարձել։