Քաղաքական հայացքներով հայտնի մարդ լինելը դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ, երեկ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հյուրընկալվելով Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ նաև դասախոսություն է կարդացել։
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը դասախոսության սկզբում խոսել է քաղաքական կուսակցությունների կողմից հիմնվող դպրոցների մասին՝ դրանք համարելով սկսնակ, ապագա քաղաքական գործիչների կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների դարբնոց:
Սերժ Սարգսյանը տարբերակել է քաղաքական գործիչներին քաղաքական գործունեությամբ զբաղվողներից և քաղաքական ուժի անդամներից՝ նշելով, որ կարող է հազարավոր մարդկանց անուններ տալ, ովքեր կուսակցականներ են և քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. նրանք ունեն քաղաքական կողմնորոշում և իրենց գործունեության ընթացքում մի քանի տարին մեկ՝ ընտրություններից ընտրություն, որոշում են կայացնում քվեարկելու կուսակցության օգտին:
Մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքական գործունեությամբ, նախագահի կարծիքով, նրանք են, ովքեր դարձյալ ժամանակ առ ժամանակ են զբաղվում քաղաքականությամբ, օրինակ՝ ընտրությունների ժամանակ շատ ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում, փորձում մասնակցել քարոզարշավներին, հաճախ իրենք էլ քարոզում են, սակայն նրանց քաղաքական գործիչ անվանելը ճիշտ չէ:
Ըստ Սերժ Սարգսյանի, այս երկուսի կողքին կան նաև պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, ովքեր մշտապես զբաղվում են քաղաքական գործունեությամբ՝ ունենալով որոշակի դիրք տվյալ քաղաքական կազմակերպության մեջ:
Սերժ Սարգսյանն առաջարկել է հանդիպումը շարունակել երկխոսության ձևաչափով՝ արծարծվող մտքերի շուրջ լսել կարծիքները և մեկնաբանել հնչած տեսակետները:
«Նախ քաղաքական գործիչը պետք է կարողանա թիմ ձևավորել: Որևէ մեկը միայնակ չի կարող հաջողության հասնել: Միգուցե, բիզնեսում շատ, թե քիչ կարող է, թեև այստեղ էլ է շատ կարևոր թիմը, միգուցե, անձնական կյանքում, բայց քաղաքականությունը ենթադրում է ամուր թիմի առկայություն: Երկրորդ՝ քաղաքական գործիչը պետք է կարողանա շատ հավասարակշռված լինել և հանդուրժողական: Քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ եթե մտնում է քաղաքականություն՝ հատկապես մեծ քաղաքականություն, ապա միշտ լինելու է քննադատության թիրախ: Եվ ով չի կարողանում ընկալել այդ քննադատությունն ու պահպանել հավասարակշռություն, որքան էլ դժվար լինի, նա չի կարող հասնել հաջողությունների: Հաջորդ հատկանիշը, իմ կարծիքով, քաղաքական գործիչների համար այն է, որ նրանք պիտի ունենան իրավիճակը գնահատելու շատ մեծ ունակություն: Ընդհանրապես կյանքում՝ լինի դա զինվորական գործ, բիզնես, լինի, միգուցե, ապագա ընտանիք կազմելու խնդիր, պետք է, իրոք, կարողանալ գնահատել իրավիճակը», - ասել է նախագահը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության համար ամենամեծ սպառնալիքների ու դրանց չեզոքացման ուղիների վերաբերյալ թեմաներ:
Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացին և այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումներին:
Նախագահն առաջարկել է դպրոցի սաներին, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, լավ նախապատրաստվել և առանձին հանդիպում կազմակերպել այս հարցի շուրջ՝ ներկայացնելու իրենց տեսակետները, փաստարկներն ու հակափաստարկները:
Նշենք, որ նախագահը երկրորդ անգամ է հանդիպում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ։ Դպրոցի սաներն ամենատարբեր մասնագիտությունների և զբաղվածության տեր անձինք են՝ ուսանողից մինչև պետական ծառայող, նրանց մի մասը անկուսակցական է, կամ տարբեր կուսակցությունների անդամ։