Խորհրդարանն այսօր 87 կողմ և 9 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրինագիծը:
Կողմ արտահայտվեցին ոչ միայն իշխող Հանրապետականն ու ՀՅ Դաշնակցությունը, այլև ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը:
Դեմ էին միայն ընդդիմադիր «Ելք»-ի պատգամավորները, ովքեր պնդում են, որ բանակում չծառայածների իշխանությունը իրավունք չունի զրկել այսօրվա երիտասարդներին բուհում սովորելու հնարավորությունից:
Հաշվի առնելով, որ նախորդ օրը օրինագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բավական սուր էր արտահայտվել «Ելք»-ի պատգամավորների հասցեին, այսօր նրանք քվեարկությունից առաջ հերթով հակադարձեցին Վիգեն Սարգսյանին։
Պաշտպանության նախարարին նախ հակադարձեց Էդմոն Մարուքյանը, ում Վիգեն Սարգսյանը անվանել էր «վերին արտի ցորեն»՝ հարցնելով, թե Մարուքյանն այդ ինչպե՞ս է կարողացել ծառայության ընթացքում նաև բուհում սովորել:
«Եթե նա ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, ուզում եմ հարցնել․ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է էդ արտոնությունը ստացել: Վերին արտի ցորե՞ն է», - ասել էր նախարարը։
Մարուքյանն այսօր պատասխանեց. - «Ես օրենքով սահմանված կարգով արձակուրդներ եմ ստացել, հանձնել եմ քննությունները, իսկ մնացած քննություններն ու պրակտիկան հանձնել եմ և ստացել եմ ծառայությունից հետո։ Իսկ «վերին արտի ցորենի» հետ կապված՝ եթե վերին արտի ցորենը լինեի, Սողիում, Հաջիբաջում, Ծիրանի ձորում չէի ծառայի, հուսով եմ տեղը գիտեք»։
Պաշտպանության նախարարին հակադարձեց նաև պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ շեշտելով, որ Վիգեն Սարգսյանը նախարարին ոչ հարիր վարք է դրսևորել։
Հիշեցնենք՝ Վիգեն Սարգսյանը մեղադրել էր Թանդիլյանին բանակում չծառայելը փողով լեգիտիմացնելու առաջարկի համար:
«Տիկին Թանդիլյան, Ձեր երեկվա ելույթում հնչեցրած առաջարկը ոչ այլ ինչ է, քան կոչ բնակչությանը՝ վաճառել իրենց վերջին կացարանը, զավակին չծառայելու և Ձեր պատկերացրած պայմանագրային բանակի համար վճարելու անարդար մի գաղափար։ Եթե չծառայելու դիմաց հնարավոր լինի վճարել, ո՞ր խավն է առաջինը դրանից օգտվելու, ո՞ր մի հայ ծնողը պետք է նայի իր երեխայի աչքերին ու ասի՝ «ես այդ գումարը չունեմ, դու պարտավոր ես գնալ ծառայելու»։ Ես միայն փառք եմ տալիս Աստծուն, որ էդ աշխարհընկալմամբ դուք փոքրամասնություն կազմող ընդդիմություն եք, ոչ թե մեծամասնություն այս խորհրդարանում», - ասել էր նախարարը։
Թանդիլյանն այսօր պնդեց՝ ինքը նման գաղափար ընդհանրապես չի հնչեցրել, ընդամենն առաջարկել է արհեստավարժ բանակ ստեղծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, միջոցներ հայթայթել, որին կարող է մասնակցել ցանկացած ընտանիք։
«Երեկ Վիգեն Սարգսյանն իր ելույթում նենգափոխել է իմ հնչեցրած միտքը և անձնական դաշտ տարել հնչեցրած քննադատությունը, ինչն էլ պատասխանել է պաշտպանության նախարարին անհարիր էմոցիոնալ տոնով։ Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի, և օրենքի լավ դրույթները կարող են համատեղվել տարկետման իրավունքի հետ», - ասաց Թանդիլյանը։
Վիգեն Սարգսյանին իր խոսքում այսօր հիշատակեց նաև «Ելք»-ի մեկ այլ պատգամավոր Արարատ Միրզոյանը, ում մասին էլ խոսելիս պաշտպանության նախարարը հեգնել էր, թե Միրզոյանն, ով չի ծառայել բանակում, իրեն մեծ գիտնական է համարում, ու թեև մեկ օր անգամ բանակում չի եղել, սակայն պատվոգիր է ստացել:
«Զարմանում եմ, թե Դուք ի՞նչ խղճով եք ստացել Պաշտպանության նախարարության պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո», - երեկ ասել էր նախարարը:
Միրզոյանն այսօր արձագանքեց. - «Ես բոլորովին չէի ցանկանա, բայց քանի որ նախարարը հարցը բարձրացրեց, ստիպված եմ ուղղակի հանրության համար ասել, որ ես` ի թիվս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ ներկայացուցիչների, պաշտպանության նախարարության կողմից պատվոգիր եմ ստացել, որովհետև որպես կամավոր ապրիլի 2-ից հետո մեկնել եմ առաջնագիծ և կատարել եմ իմ առջև դրված մարտական հանձնարարությունը, որը տվյալ դեպքում եղել է ինժեներական աշխատանքների տեսքով։ Ես ցավում եմ, որ պաշտպանության նախարարը շեղեց հարցի քննարկումը մեր ներկայացրած լուրջ հիմնավորումներից դեպի անձնական խնդիրներ»։
Ի դեպ, նշենք, որ երեկ «Զինվորական ծառայության մասին» վիճահարույց օրինագծի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեղադրեց «Ելք»-ին՝ ասելով, թե ամիսներ առաջ այս օրինագծին առնչվող դրույթները քննարկել է ընդդիմադիր խմբակցության հետ և դրական արձագանք է ստացել, մինչդեռ արդեն խորհրդարանում ծավալված քննարկման ժամանակ պարզվել է, որ «Ելք»-ը դեմ է օրինագծին:
«Գալիս է փոքրաթիվ, ձայների բաշխվածության վրա ոչ մի ազդեցություն չունեցող ֆրակցիա՝ քննարկելու քաղաքականությունը, որը բերելու ես ամիսներ անց օրենսդրության տեսքով, պատասխանում ես բազմաթիվ հարցերի, որպես բանական մարդ, գնահատում ես որպես դրական երկխոսություն, չես ստանում ոչ մի առաջարկություն, ոչ մի՝ զրո, հետո գալիս ես լիագումար նիստ, պարզվում է, որ սխալ ես հասկացել՝ սկզբունքորեն դեմ են, ուղղակի գաղտնի են պահել, որ էն հայտնի ֆիլմի պես՝ հոբելյարը ժամանակից շուտ հանկարծ չուրախանա։ Պետք էր հասնել լիագումար նիստ, որ իմանայինք՝ «Ելք» ֆրակցիան ո՞նց է վերաբերվում այս օրենսդրությանը», - ասաց նախարարը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն, այսօր դեմ քվեարկելուց առաջ հայտարարեց՝ օրենքը չի լուծում բանակից առողջական կեղծ խնդիրներով խուսափողների հարցը:
«Ի հեճուկս պաշտպանության նախարարի ներկայացման, մենք ասել ենք և ասում ենք, որ ներկայացված օրենքը զինվորական ծառայության մասին իր թևերն է փռում պճեղի մենինգիտով բանակից ազատվողների վրա, և այդ օրենքը այդ պրոբլեմատիկան չի կարգավորում, և փաստն այն է, որ այս պրոբլեմատիկան առաջիկայում ավելի է խորանալու, և մենք այդ հիմնավորմամբ դեմ ենք օրենքին», - այսօր նախքան քվեարկությունը հայտարարեց Փաշինյանը։
Հավելենք, որ «Զինծառայության մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ կքննարկվի արդեն հաջորդ քառօրյայում։