Մատչելիության հղումներ

Yerevan Jazz Fest-2017-ի բացման համերգին ելույթ կունենա Մարկուս Միլլերը


1938 թվականից Հայաստանն ունի ջազ նվագախումբ և հենց այդ ժամանակվանից արդեն մոտ 8 տասնամյակ Հայաստանում ջազի մի քանի սերունդ է մեկը մյուսին փոխարինել, ու թերևս զարմանալի չէ, որ Հայաստանում պարբերաբար ջազ փառատոներ են անցկացվում՝ անգամ խորհրդային տարիներին:

Անկախության տարիներից ի վեր արդեն 7-րդ անգամ է ջազ փառատոն անցկացվում, որոնցից վերջին երեքը կազմակերպում և ջազային մեգաաստղերին է Հայաստանում ներկայացնում 3 տարի առաջ հիմնադրված Ջազի հայկական ասոցիացիան՝ նախագահ Կամո Մովսեսյանի գլխավորությամբ:

Այսօր Մարզահամերգային համալիրում կմեկնարկի Yerevan Jazz Fest-2017-ը, որի բացման համերգին հանդես կգա համաշխարհային ամենահանրահայտ ջազ աստեղերից մեկը՝ Գրեմմի մրցանակակիր, կոմպոզիտոր, գործիքավորող, մի քանի երաժշտական գործիքների վիրտուոզ կատարող կամ ինչպես նրան հաճախ կոչում են մարդ-նվագախումբ Մարկուս Միլլերը Միացյալ Նահանգներից:

Համերգին ընդառաջ Ջազի հայկական ասոցիացիան «Մեցցո» ակումբում հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մեր անվանի ջազմենները՝ Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը և Վազգեն Ասատրյանը:

Աշխարհահռչակ Մարկուս Միլլերը այսօր է ժամանել Երևան, կարճ ժամանակով էր եկել լրագրողների հետ հանդիպմանը, շտապում էր փորձի, այդուհանդերձ պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին՝ նախ նշելով․ - «Փառատոնի մասին արդեն մի քանի տարի է, ինչ լսում եմ: Լսում եմ, թե որքան գեղեցիկ է այս տարածքը: Եվ ոչ միայն ես, այլև իմ ամբողջ խումբը: Ուստի երբ տեղեկացա, որ կարող ենք փառատոնին մասնակցել և մեկ օր անցկացնել այստեղ, ասացի՝ անշուշտ»:

Միլլերը հավելեց, որ այս երեկոյի ընթացքում ամբողջովին իր ստեղծագործությունները կհնչեն, որոնց մեջ «աշխարհահռչակ լավագույն ջազմենների երաժշտության ոգին է թևածում»:

Մարկուս Միլլերը ծնվել է Նյու Յորքում, 13 տարեկանից արդեն տիրապետել է մի քանի գործիքի՝ դաշնամուր, կլարնետ, բաս կիթառ, ֆլեյտա: Ասաց, որ իր ամենասիրելի գործիքը բաս կիթառն է: ---

«Ազատության» հարցին, թե որն է ջազի գաղտնիքը, որի շնորհիվ այն իր շուրջը համախմբում է որոշակի, յուրահատուկ երաժշտասերների, Միլլերը պատասխանեց․ - «Իմ կարծիքով, ջազ համերգները շատ յուրահատուկ են դառնում, քանի որ մենք կապ ենք հաստատում մեր լսարանի հետ: Եվ ըստ երաժշտության, փոփոխություններ ենք կատարում նվագելու ընթացքում: Եթե դասական երաժիշտը ոչինչ չի փոխում, չի կարող փոխել, երբ ջազի մեջ ես, սրահի զգացողություններ կան, որոնց վրա հիմնվելով, դու փոխում ես քո երախշտությունը՝ համապատասխանելու այդ մթնոլորտին»:

Նա շատ կարևոր է համարում Միացյալ Նահանգներում ջազը ներկայացնել նաև համերգասրահներում՝ այսպիսով բարձացնելով հարգանքը երաժշտական այս ժանրի նկատմամբ:

Միլլերը հավելեց, որ նման փառատոները հնարավորություն են ստեղծում երաժշտասերների համար ոչ միայն լավ ջազային երաժշտություն լսել, այլև տարբեր երկրների ջազմեններին միմյանց ճանաչել:

Ջազ երաժշտի մեծագույն ձեռքբերումն է համարում այն, որ ընդամենը երեք նոտա լսելով ջազի սիրահարը կարող է անմիջապես գլխի ընկնել, թե ով է նվագում․ - «Եթե Ջոն Քոլթրեյնին լսեք, անմիջապես գիտեք, որ դա Ջոնն է, նույնը Մայլս Դեյվիսը․․․ Չգիտեմ ինձ մոտ երեք նոտայով կստացվի՞, բայց հինգ նոտայով՝ հավանաբար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG