Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ․ Ժնևյան հանդիպումը դրական նշան էր


ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆեր, արխիվ
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆեր, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները», - ասել է ամերիկացի դիվանագետը:

«Ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների և տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարևորագույն բաղադրիչներն են», - հայտարարել է Էնդրյու Շեֆերը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով մնում է հստակ, այն է՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ հետևելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքներին:

Հիշեցնենք, Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ու հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG