Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրին Իսրայելի նախագահի նստավայրում հեղինակավոր պարգև կշնորհվի


Շառլ Ազնավուրը Երևանի Ազնավուրի հրապարակում իր աստղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, 7-ը հունիսի, 2017թ․
Շառլ Ազնավուրը Երևանի Ազնավուրի հրապարակում իր աստղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, 7-ը հունիսի, 2017թ․

Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինը այսօր իր նստավայրում ընդունելու է Շառլ Ազնավուրին, և Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեն ու նրա քույրը՝ Աիդան պարգևատրվելու են շվեդ դիվանագետ Վալենբերգի անվան մեդալներով:

Քրոջ փոխարեն Ազնավուրին ուղեկցող որդին՝ Նիկոլասն է ստանալու պարգևը, «Ազատությանը» հաղորդեց Վալենբերգի հիմնադրամի Իսրայելի մասնաճյուղի տնօրեն Դանիել Ռայները:

Հրեա պրոֆեսոր, ցեղասպանագետ Յաիր Աուրոնը հանդիպում է ունեցել Ազնավուրի հետ ու գրի առել պատմությունները նրա ծնողների՝ Միշայի ու Քնարի, ինչպես նաև հենց իր ու քրոջ սխրանքների մասին՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստներից հայերի ու հրեաների փրկելու հետ կապված: Այդ տարիներին Ազնավուրյանները համակրում ու աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին և ապաստան էին տրամադրում թե՛ հայերին ու հրեաներին և թե՛ այլ ազգերի ներկայացուցիչների՝ վտանգելով սեփական կյանքը:

Ռաուլ Վալենբերգի անվան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայազգի գործարար Էդուարդո Էռնեկյանն ու հիմնադիր տնօրեն Բարուխ Տենենբաումը ևս մասնակցելու են այս արարողությանը: Հանդիսությանը հրավիրված են նաև Վալենբերգի անվան հիմնադրամի հայկական բաժնի պատասխանատուները:

Հիշեցնենք, 2013 թվականին Վալենբերգի հիմնադրամի ջանքերով Հոլոքոսթի Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի կողմից պաշտոնապես «Ազգերի առաքյալ» էր ճանաչվել Հայաստանի առաջին քաղաքացին՝ բժիշկ Հարություն Խաչատրյանը, որի ընտանիքը Վալենբերգի ծննդյան 100-ամյակին նվիրված ոսկե մեդալով պարգևատրվեց: Որպես հայ-հրեական բարեկամության խորհրդանիշ ու երախտագիտության նշան հրեա ժողովրդի կողմից՝ ոսկե մեդալով Երևանում պարգևատրվեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG