Մատչելիության հղումներ

Կատալոնիայի խորհրդարանը Մադրիդի աննախադեպ հայտարարությունից հետո արտահերթ նիստ է գումարում


Իսպանիա - Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը երկրամասի խորհրդարանում ստորագրում է անկախության հռչակագիրը, Բարսելոնա, 10-ը հոկտեմբերի, 2017թ․
Իսպանիա - Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը երկրամասի խորհրդարանում ստորագրում է անկախության հռչակագիրը, Բարսելոնա, 10-ը հոկտեմբերի, 2017թ․

Կատալոնիայի խորհրդարանը առաջիկա ժամերին պատրաստվում է հնչեցնել Մադրիդի կողմից չճանաչված անկախության հանրաքվեի կապակցությամբ Բարսելոնայի պատասխանը: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպասվում է, որ այսօր ելույթ կունենա Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը:

Կատալոնական կառավարությունը Մադրիդի համար պատասխանի ընդամենը երկու տարբերակ ունի` կա՛մ շրջանային խորհրդարանը վերջնականապես ընդունելու է անկախության մասին հռչակագիրը, կա՛մ Պուչդեմոնը առաջ է անցնելու Մադրիդից և անձամբ է ցրելու շրջանային խորհրդարանը, գրում է Reuters գործակալությունը:

Կատալոնիայի հրապարակային դիվանագիտության հարցերով խորհրդի գլխավոր քարտուղար Ալբերտ Ռոյո-Մարինեն The Independent թերթի իր սյունակում նշել էր, որ այսօրվա նիստը «պատմական» է լինելու:

Կատալոնիայի խորհրդարանը արտահերթ նիստ է գումարում Իսպանիայի վարչապետի աննախադեպ հայտարարությունից հետո: Մարիանո Ռախոյը շաբաթ օրը հայտարարել էր, թե Մադրիդը առաջին անգամ դիմում է Սահմանադրության 155-րդ հոդվածին և ուղղակի կառավարում է մտցնում Կատալոնիայում:

1978 թվականին ընդունված Սահմանադրության 155-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Իսպանիայի կենտրոնական իշխանությանը երկրի ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում 17 երկրամասերից յուրաքանչյուրում ուղղակի կառավարում մտցնել:

Վարչապետ Ռախոյը ասել է, թե Կատալոնիայի կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ նոր ընտրությունները պետք է անցկացվեն առաջիկա վեց ամսվա ընթացքում:

Իսպանական կառավարության այս որոշումը դեռ պետք է հավանություն ստանա Սենատի կողմից: Կատալոնական հարցով քվեարկությունը Սենատում նշանակված է վաղը:

Շրջանային կառավարությունը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայի կառավարության որոշումը Բարսելոնան որակել է «Ֆրանկոյի բռնապետությունից ի վեր ամենալուրջ հարձակումը կատալոնական ինստիտուտների և Կատալոնիայի ժողովրդի դեմ»:

Բարսելոնայի և Մադրիդի հարաբերությունները օր-օրի սրվում են հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ֆոնին, որի մասնակիցների ավելի քան 90 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայի կազմից դուրս գալուն:

Մադրիդը քվեարկությունը ապօրինի է համարում՝ հայտարարելով, որ այն հակասում է Սահմանադրությանը, իսկ դրա անցկացումը արգելված էր Սահմանադրական դատարանի կողմից:

Ամփոփելով հանրաքվեի արդյունքները՝ Բարսելոնան հայտարարել էր, թե Կատալոնիան անկախության իրավունք է ստացել, սակայն նախ առաջարկում է Մադրիդին բանակցել, ինչին Մադրիդը պատասխանել է 155-րդ հոդվածը կիրառելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG