Մատչելիության հղումներ

ՀՀ - ՌԴ կառավարական պատվիրակությունների հանդիպմանը ներկայացվեցին ապրանքաշրջանառության աճի տարբեր թվեր


Հայաստանի և Ռուսաստանի կառավարական պատվիրակությունների երեկվա հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի երկու տարբեր թվեր ներկայացվեցին:

Ըստ Կարեն Կարապետյանի, այդ տարվա 8 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով: Դմիտրի Մեդվեդևն ասաց, թե ինքն ավելի լավ թիվ ունի՝ աճը ոչ թե 23.5, այլ 30 տոկոս է կազմել: Հայաստանի վարչապետն ավելի արժանահավատ համարեց հենց Մեդվեդևի ներկայացրած թիվը: Կասկածի տակ դնելով Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալները՝ Կարապետյանը հայտարարեց՝ միանշանակ կողմ է, որ օգտագործեն Ռուսաստանի վարչապետի ներկայացրած վիճակագրությունը։

«Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը անշեղորեն աճում է: Մենք հենց նոր Դմիտրի Անատոլևիչի հետ հասցրել ենք ֆիքսել, որ այս տարվա առջին 8 ամիսներին ապրանքաշրջանառությունը աճել է 23.5 տոկոսով։ Միևնույն ժամանակ, մենք արձանագրում ենք, որ ապրանքաշրջանառության աճի հնրավորությունները բավականին մեծ են, մենք հսկայական չօգտագործած պոտենցիալ ունենք։ Դա ապացուցում են վերջին շրջանում միջգերատեսչական մակարդակով մեր գործընկերների հաճախակի հանդիպումները: Մշակվում են բավական հեռանկարային առաջարկություններ»։

Դմիտրի Մեդվեդևը որոշեց հենց խոսքի սկզբում ուղղել Կարեն Կարապետյանին․ - «Կարեն Վիլհելմովիչ, հարգելի գործընկերներ, ես ավելի լավ թիվ ունեմ, քան ձերը: Հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունը աճել է 30 տոկոսով: Առաջարկում են հետագայում հենց այդ թիվն էլ օգտագործել: Դա նշանակում է իրականում, որ տնտեսական դժվարությունների շրջանը մեր երկրները հաղթահարել են՝ ապրանքաշրջանառությունն է կայունանում, հուսամ նաև, որ ապրանքաշրջանառությանը չի զիջի ներդրումային համագործակցությունը»։

Մեդվեդևի խոսքով, այդ շահավետությունը մեծապես պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միությունում բազմակողմ համագործացությամբ․ - «Ապրանքաշրջանառության աճը ապացույց է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»:

«Ես միանշանակ կողմ եմ, որպեսզի օգտագործենք Ձեր վիճակագրությունը, մանավանդ, որ մենք առիթ ունենք կասկածելու, որ մեր վիճակագրական ծառայությունը նվազեցնում է որոշ ցուցանիշներ», - ասաց Հայաստանի վարչապետը:

Դմիտրի Մեդվեդեւը երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճից խոսել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես նշված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, Դմիտրի Մեդվեդևն ուրախությամբ տեղեկացրել է, որ «երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է,քան նշել է նախագահը՝գրեթե 30 տոկոս»:

Ռուսաստանի Դաշնության հետ արտաքին առևտրաշրջանառությունը, ըստ ԱՎԾ պաշտոնական կայքի, այս տարվա 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հունվար-օգոստոս ամիսների համեմատ, աճել է 23.5 տոկոսով: Ընդ որում, ծառայության կայքում նշված է, որ այդ հաշվարկների հիմքում պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալներն են՝ բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության:

ԱՎԾ-ից հրաժարվեցին մեկնաբանել երեկ վարչապետերի հանդիպման ընթացքում հնչած հայտարարությունները:

ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ուզում էր Կարեն Կարապետյանից ճշտել, թե հիմա որ թվերն են ավելի արժանահավատ՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի վարչապետի ներկայացրածը: Քանի որ վարչապետը չէր եկել խորհրդարան, հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Սակայն նա այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեց, թե ներկայացված թվերն ինչու են այսքան տարբեր․ - «Եթե համաշխարհային տնտեսության բոլոր արտահանումները և ներմուծումները մենք գումարում ենք, տեսականորեն պետք է ստացվի հավասար թիվ, սակայն երբևէ հավասար թիվ չի ստացվում: Կան որոշակի խնդիրներ՝ կապված արտահանման-ներմուծման վիճակագրությունների հետ: Կոնկրետ տվյալ դեպքում Ձեր հարցի վերաբերյալ Ձեզ կտրամադրվի տեղեկանք»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, ապրանքաշրջանառության աճի ավելի բարձր ցուցանիշներ են ներկայացվում հատուկ նպատակով․ - «Ուզում են ցույց տալ, որ տեսեք Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ինչ առավելություններ տվեց Հայաստանի Հանրապետության տնտեսությանը: Հենց Հայաստան - Ռուսաստան հարաբերությունների խանգարող հիմնական հանգամանքը նա է, որ մենք չենք կարողանում արժանապատիվ ձևով ներկայանալ»:

Հայաստանի իշխանությունը, կարծում է տնտեսագետը, պետք է առաջնորվի ԱՎԾ-ի ներկայացրած թվերով․ - «Մեր կողմից պահվածքը միանշանակ անընդունելի է, որովհետև, իհարկե, կարելի է շատ ավելի կոռեկտ ձևով բացատրել, կամ ասել, որ կփորձենք ճշտել անճշտությունները, բայց չհամաձայնվել կամ ցույց չտալ, որ իհարկե այդ Մեդվեդևի ներկայացրած 30 տոկոսով շատ ոգևորված ենք: Պետք է շատ օբյեկտիվ լինել և հասկանալ, որ նույնիսկ եթե ապրանքաշրջանառության 30 տոկոսով աճը ընդունելի է, դա դեռևս չի նշանակում, որ մեր իրական կյանքում ահռելի փոփոխություններ են եղել, և այդ 30 տոկոսի արդյունքում ա դա եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG