Հրդեհը երկհարկանի շենքից գրեթե բան չի թողել, կանգուն են մնացել միայն դրսի պատերը։ Կրակն այրել է գրեթե ամեն բան՝ բնակիչներին թողնելով դրսում՝ առանց հագուստի եւ անհրաժեշտ իրերի։
«Ոնց տեսում ես, այ սենց՝ էրեխեքին գրկած հանել են՝ ուշը անցած», - պատմեց տուժածներից մեկը:
Բնակիչներն ասում են, թե այդպես էլ չհասկացան, թե ինչպես կրակն այրեց ամեն ինչ։ Հազիվ են հասցրել փրկվել հրդեհի ճիրաններից:
Հրդեհված շենքում 11 ընտանիք էր բնակվում՝ 24 մարդ։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հրդեհի ծագման հավանական պատճառ կարող էր լինել շենքի առաջին հարկում գտնվող դահլիճում կուտակված ցախի և ստվարաթղթի այրումից տարածած կրակը։ Այս եզրակացությունն արդեն ուղարկվել է քննչական կոմիտե։
71-ամյա Գյուլիզար Ղասոյանը մոտ 30 տարի այս շենքում էր ապրում։ Նրա ողջ ունեցվածքն այրվել է։ Հրդեհից հետո շենքի բակում գիշերող կինը հույս ունի, որ կառավարությունն իրենց բնակարաններով կապահովի․ - «Ցուրտ ա: Մենք իրանցից խնդրել ենք էսօր պալատկա բերեն․․ Ինչ-որ տաք ադիալներ պըտի բերեն, մահճակալներ պըտի բերեն, որ մենք ստե քնենք, մինչև մեր հարցերը դզեն»:
70-ամյա Սվետլանա Մնոյանին հարևաններն են արթնացրել և օգնել դուրս գալ այրվող բնակարանից։ Միայնակ կինը մոլորվել է՝ չգիտի ուր գնալ, քաղաքում ոչ ոք չունի․ - «Չգիտեմ ոնց էլ անեմ: Ռուսաստան մի հատ ախպեր ունեմ մահացած․ բայց իրա ընտանիքը կենդանի ա․ չեմ կարում զանգեմ տեղյակ պահեմ»:
«Ազատության» այցելության պահին այսօր մի քանի միջազգային կազմակերպություններ հագուստ ու առաջին անհրաժեշտության իրեր էին տրամադրում տուժածներին:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ասաց, որ բնակիչները բարեգործական ճաշարանում անվճար սնվելու հնարավորություն ունեն: Քաղաքապետն ասաց նաև, որ այրված շենքը խորհրդային տարիներին որպես դատարան է ծառայել, հետո սեփականաշնորհվել է գործարարներից մեկին։ Սեփականատերը համաձայնել է առանց վարձի այն տալ բնակիչներին: Քաղաքապետարանն արդեն տեղական բյուջեից 60 հազարական դրամ է հատկացրել անօթևաններին։
«Դիմել ենք Արմավիրի մարզում տեղակայված բոլոր կազմակերպություններին, բանկերին, ընկերություններին՝ ովքեր ինչով կարող են օգնել», - հավալեց Խլղաթյանը:
Արմավիրի քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ առաջիկա կես տարում կառավարությունը կաջակցի հրդեհից անօթևան մնացածներին՝ վճարելով բնակարանի վարձակալության գումարը։
Ռուբեն Խլղաթյանը նշեց նաև, որ դեռևս պարզ չէ, թե վեց ամիս անց ինչպես կլուծեն բնակիչներին մշտական կացարանով ապահովելու հարցը․ - «Հետոյի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել: Բայց դիմացի վեց ամիսը պետությունը պատրաստակամություն ա հայտնել, որ տվյալ բնակարանների վարձակալությունը ամբողջությամբ կփակի: Հետագայում, ինձ թվում, ոչ թե թվում է, այլ դա հաստատապես կլինի, կառավարությունը կընդունի նոր որոշում: Մենք կտեսնենք․ դա սերտիֆիկատի կերպով կլինի փոխհատուցո՞ւմ, թե՞ ուղղակիորեն կարող է հետագայում տուն կառուցվի ու բաժանվի տվյալ քաղաքացիներին»: