Մատչելիության հղումներ

Հեռացող՝ չի նշանակում վերացող. Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի մասին


«Հեռացող՝ չի նշանակում վերացող», «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց իշխող ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է մոտ հինգ ամսից նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի լիազարությունները վայր դնող Սերժ Սարգսյանը կարգադրում երկու ամսում բանակի արդիականացման յոթամյա ծրագիր մշակել:

Հիշեցնենք՝ այդ մասին երկրի ղեկավարը հայտարարեց երեկ՝ շեշտելով, որ այդ ծրագիրը պետության ամենագլխավոր խնդիրներից մեկն է լինելու: «Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը։ Հանձնարարում եմ նախարարին երկամսյա ժամկետում զեկուցել այս ուղղությամբ իր կատարած աշխատանքի մասին։ Քննարկումներից և լրամշակումներից հետո այդ ծրագիրը մենք կհաստատենք 2018 թվականի հունվարի 28-ին՝ մեր Բանակի ծննդյան օրը», - ասել է նախագահը։

«Ազատություն». - Պարոն Ռուստամյան, սա տարօրինակ չէ՞ այն առումով, որ, ի վերջո, Սերժ Սարգսյանը հեռացող գերագույն գլխավոր հրամանատար է։

Ռուստամյան. - Հեռացող՝ չի նշանակում վերացող։ Մարդը հեռանում է, բայց պահպանելու է, բնականաբար, իր ակտիվ գործունեությունը, և ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ինչ կարգավիճակ էլ ունենա, անվտանգության, պաշտպանության հարցերը պետք է մնան առաջին՝ թիվ մեկ հարցն իր կյանքի համար։

«Ազատություն». - Պարոն Ռուստամյան, հինգ-վեց ամսից նոր կառավարություն պետք է ձևավորվի, նոր վարչապետ, որը լինելու է, ըստ Սահմանադրության և «Պաշտպանության մասին» օրենքի, գերագույն հրամանատարը, և նա կարող է հակասություններ է տեսնում ու չի ընդունում արդեն իսկ յոթ տարվա հայեցակարգը ու նա չեղյալ է հայտարարում, ի վերջո նոր գերագույն գլխավոր հրամանատարը ունի դրա իրավունքը։

Ռուստամյան. - Դրա համար համապատասխան ընթացակարգեր կան, մեկը մյուսին բացարձակ չի խանգարում, մենք մինչև հիմա էլ ունենք դոկտրիններ մշակած, որը կարելի է այսօր վերանայել և ավելի թարմացնել, լրացնել։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանի այս հանձնարարականն, ընդ որում կարճ ժամկետում՝ երկու ամսվա ընթացքում, այդ հայեցակարգը մշակել և արդեն Բանակի օրը՝ հունվարին, հաստատել այդ ծրագիրը։ Սրանք որոշակի նախապատրաստական աշխատանքներ են՝ Սերժ Սարգսյանի հետագա կառավարման մեջ, իշխանության մեջ մնալու ծրագրերը ապահովելու տեսանկյունից։

Ռուստամյան. - Չէ, ես երբեք չեմ լսել Սերժ Սարգսյանից, որ ինքը պատրաստվում է հեռանալ ասպարեզից։ Այդպիսի բան երբեք չի էլ ասել, իսկ ինչո՞ւ պետք է ասի։

«Ազատություն». - Իսկ ինչպե՞ս է մնալու, որ կարողանա պաշտպանական ոլորտի վրա իր անմիջական վերահսկողությունը շարունակել։

Ռուստամյան. - Եթե նախագահ չես, Ազգային ժողովի նախագահ չես, պաշտոն չունես, ուրեմն չե՞ս կարող լինել ասպարեզում։

«Ազատություն». - Բանակը քեզ չի ենթարկվի, եթե դու վարչապետ չես, Ազգային ժողովի նախագահ չես։

Ռուստամյան. - Ենթարկվելու մասին չի խոսքը գնում, մասնակցության մասին է խոսքը գնում, քո լուման բերելու մասին է խոսքը գնում։

«Ազատություն». - Հեռահար նպատակներ չե՞ք տեսնում այստեղ։

Ռուստամյան. - Հեռահար... Ձեր պատկերացրած հեռուները չեմ տեսնում, բայց նպատակներ տեսնում եմ։

«Մինչև վերջին օրն էլ հրաման է արձակելու»

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երկարաժամկետ ծրագրերին, շեշտում է՝ գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները վայր դնելը դեռևս չի նշանակում, թե հայրենիքի նկատմամբ լիազորություններն էլ պետք է վայր դնել։

Բաղդասարյան. - Գերագույն գլխավոր հրամանատարը նույնիսկ վերջին օրը պետք է մտածի իր երկրի ապագայի մասին և նա վերջին օրով էլ կարող է տալ արդյունավետ հրամաններ։ Ես չեմ կարծում, որ գերագույն գլխավոր հրամանատարը, երբ որ պետք է վայր դնի լիազորությունները, նա հայրենիքի նկատմամբ իր պարտականություններն էլ պետք է վայր դնի։ Բնականաբար, մեր գերագույն գլխավոր հրամանատարն այսօր իրեն լիարժեք զգում է այդ պոստում և մինչև վերջին օրը նա պետք է հրամաններ արձակի։

«Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը դեռ մի 20 տարի էլ մնալու է իշխանության մեջ»

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մինչդեռ շեշտում է՝ այն, որ Սերժ Սարգսյանը հեռանալու ցանկություն չունի, փաստում է ոչ միայն բանակի արդիականացման յոթամյա ծրագիր մշակելու նրա հայտարարությունն, այլև խորհրդարանական ընտրություններից հետո նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ունեցած ելույթը, որից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը դեռ մի 20 տարի էլ մնալու է իշխանության մեջ։

Մարուքյան. - Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գրեթե ամենօրյա ռեժիմով ասում են` «Սերժ Սարգսյանը չի հեռանալու քաղաքականությունից, քաղաքական արենայից», «նա լինելու է առաջնորդը», տարբեր ձևակերպումներ են տալիս, բնականաբար, այդ կոնտեկստում ինձ համար որևէ նորություն չկա։

«Ազատություն». - Հեռահար ինչ-որ նպատակ այստեղ կարելի՞ է տեսնել։

Մարուքյան. - Հեռահար նպատակ, կարծում եմ, ի սկզբանե ամեն մի գործողության մեջ բոլորը տեսել են, և հիմա ուղղակի կապել այդ պլանի հետ, կարծում եմ ինչ-որ նոր բան է էլի՝ իբր «վայ, էս նոր եղավ», տենց բան չիա, դուք նայեք Ազգային ժողովի բացման ելույթը, այնտեղ մի 20 տարվա պլան է ներկայացվում, եթե տենց է, կարող ենք ենթադրել, որ մի 20 տարի մնալու է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG