Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան․ Պետք է ծառայեն բոլորը


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ ամբիոնից ներկայացնում է զինապարտության մասին օրենքի նախագիծը
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ ամբիոնից ներկայացնում է զինապարտության մասին օրենքի նախագիծը

«Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, որն արժանացել է ուսանողների և կրթության փորձագետների քննադատությանը, այսօր քննարկման դրվեց խորհրդարանի քառօրյայում։

«Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, որն արժանացել է ուսանողների և կրթության փորձագետների քննադատությանը, այսօր քննարկման դրվեց խորհրդարանի քառօրյայում։ Մի շարք սկզբունքային փոփոխությունների հետ մեկտեղ նախագիծը սահմանում է՝ այսուհետ զինվորական ծառայությունից տարկետում ստացած ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։

Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե հանդիպել է մի շարք ուսանողների հետ, ծանոթ է հնչող քննադատություններին, բայց կարծում է, որ բանակում պետք է ծառայեն բոլորը։

«Ով ի վիճակի է ծառայել որպես սպա՝ բարձրագույն կրթություն ունեցող, գիտական ներուժ ունեցող մարդ, կարող է ծառայել որպես սպա: Իսկ ով չի ցանկանում և ուզում է ավելի արագ, կարճ՝ երկու տարվա ընթացքում շարքային կազմում ծառայություն անցնել, կարող է ընտրել այդ տարբերակը», - նշեց նախարարը:

Նախագիծը քննադատության ենթարկվեց ընդդիմադիր «Ելք»-ի կողմից։ Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց թվերով և պնդեց այս նախագիծը հարվածում է գիտությամբ իսկապես զբաղբողներին, արտոնյալ դասը միևնույն է բանակից ազատվելու ճար կգտնի․ - «Հարյուր բանակից ազատվողների 90-ը ազատվում առողջության բերումով: Մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսը ականջի խրոնիկ մեծացում ունի․․․ Իրանց պապաների շնորհիվ, որոնց մի մասը էս դահլիճում ա, պճեղի մենինգիտի տակ կընկնեն: Ստացվեց, որ էս օրենքը էն հինգ հոգու դեմ ա, ովքեր իրոք ազնիվ, արդար ձևով մարդիկ ուսանում են»:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե նախագիծը անարդարության մթնոլորտ կստեղծի․ - ««Ինձ համար այս իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է, մեծ հաշվով: Որովհետև նայում եմ՝ ով բարձունքների են հասել՝ մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել: Հիմա այդ մարդկանց իշխանությունը եկել ասում է՝ եկեք բոլորին տանենք բանակ, որ արդարություն լինի»:

«Կարծում եմ՝ արդար կլիներ այդ մասին խոսելիս սկսել նրանից, որ երկրի նախագահը՝ Գերագույն գլխավոր հրամանատարը, մարդ է, որը կանգնած է եղել մեր զինված ուժերի կայացման ակունքներում», - հակադարձեց Վիգեն Սարգսյանը:

«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտարարեց, թե չի կարծում, որ տարկետում ստացած ուսանողների համար ծառայությունը պարտադիր դարձնելով՝ բանակից խուսափելու կոռուպցիոն ռիսկերը չեն նվազելու․ - «Լրջագույն մտավախություն ունեմ․ արդյո՞ք նեղացնելով կոռուպցիայի կոկորդը, միևնույն է էդտեղից չեն շարունակելու պլստալ էն բարձրաստիճան պաշտոնյաները, ում երեխաները չեն ծառայել և չեն ծառայելու բանակում: Եվ որոնցից շատերը նստած են հենց էս դահլիճում»:

Այդուհանդերձ, ո՛չ Փաշինյանը և ո՛չ էլ Զոհրաբյանն իրենց ելույթներում չհստակեցրին, թե արդյոք դեմ քվեարկելու նախագծին։

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարացնելու մտադրություն:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց․ - «Մեր հաշվարկները այս պահին չեն հուշում, որ այդպիսի անհրաժեշտություն կարող է առաջանալ: Մենք մտադրություն չունենք քաղաքականության մեջ այդպիսի փոփոխություն առաջարկելու: Բայց եթե որևէ պահի նման բան առաջանա, ապա դրա իրավասությունը միմիայն ձերն է՝ որպես Ազգային ժողովի»:

Նախարարն ընդգծեց՝ պետությունը պարտավորվում է վճարել տարկետում ստացած քաղաքացիների ուսման վճարները, անգամ եթե ուսումը շարունակվելու է արտերկրում: Բացի այդ՝ ուսումնառությունից հետո բանակ զորակոչվածները ունենալու են սպայի կարգավիճակ և ամբողջ երեք տարվա համար ստանալու են դրան համապատասխան աշխատավարձ։ Վիգեն Սարգսյանի պնդմամբ՝ այս փոփոխությամբ չեն խոչընդոտում գիտության զարգացումը․ - «Ես՝ անձամբ, այդ պարտքը կատարել եմ որպես սպա, որովհետև այդ պահին ունեցել եմ երեք բարձրագույն կրթություն, ընտրել եմ տարբերակը՝ ծառայելու զինված ուժերում որպես սպա: Գիտությունից ինձ առանձնապես հետ չեմ պահել, որովհետև դրանից հետո նաև շատ մեծ ոգևորությամբ դասավանդել եմ ամենատարբեր մագիստրոսական ծրագրերում: Եվ թեև զբաղվածությունս երբեք թույլ չի տվել թեկնածուական թեզ պաշտպանել, չեմ համարում, որ այսօր պաշտպանվող թեզերի հեղինակներին ինչ-որ բանով զիջում եմ քաղաքական գիտությունների կամ միջազգային հարաբերությունների հարցերում»:

Հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG