Մատչելիության հղումներ

Ուսանողները բողոքի ակցիա անցկարեցին խորհրդարանի դիմաց


Մենք չեն խուսափում բանակում ծառայելուց, այլ ընդամենը փորձում ենք պաշտպանել գիտությամբ զբաղվելու մեր իրավունքը․ այսպիսի հայտարարություն արեցին խորհրդարանի դիմաց այսօր բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ ուսանողները։

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի, ռադիոֆիզիկայի և պատմության ֆակուլտետների մի քանի տասնյակ ուսանողները, դասադուլ հայտարարելով, եկել էին խորհրդարանի դիմաց, մինչև ներսում քննարկվում էր զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին նոր օրինագիծը։ Ուսանողները պնդում են՝ պաշտպանության նախարարի առաջարկած տարկետման սահմանափակումը հարված է գիտության զարգացմանը։

«Նախ՝ ծառայության ժամկետը ավելանում է, և երկրորդը՝ այդ երեք տարի ժամանակահատվածը կրթական համակարգին լուրջ վնաս է հասցնում», - ասում էին ուսանողները:

Այս օրերին օրինագծի շուրջ ծավալվող քննարկումներին երեկ անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ բոլոր շահարկումներն անհեթեթություն են և բանակում ծառայելը չի հարվածում գիտությանը։ Ըստ երկրի ղեկավարի՝ երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է:

«Երբեք որևէ մեկին երկու տարի բանակում ծառայելը, կամ երկու-երեք տարի այլ աշխատանքով զբաղվելը չի խանգարել հասնելու գիտության մեջ ամենաբարձր հաջողությունների», - նշել էր նախագահը: - «Այնպես որ, խնդրում եմ՝ առիթի դեպքում այս շահարկումներին ուղղակի շատ կոշտ պատասխանել»:

Նախագահի խոսքերին ծանոթ երիտասարդները նշում են՝ մինչև ընդունվելը նախագիծը պետք է բանակցային գործընթաց անցնի, որին մասնակից կդառնան հենց ուսանողները։ Նրանց հատկապես զարմացրել էր այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարն առավոտյան խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր՝ հանդիպել է դժգոհող ուսանողների հետ և լսել նրանց կարծիքը։ Երիտասարդների շարքում էին նաև «Հանուն գիտության զարգացման» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները։ Նրանք ևս հաստատեցին՝ Վիգեն Սարգսյանի հետ իրենք չեն հանդիպել։

«Հիմա հետաքրքիրա՝ էդ մարդը ո՞ւմ հետ է հանդիպել», - ասում էին ցուցարարները: - «Կա՛մ այստեղ ստի հետ գործ ունենք, կա՛մ, գուցե, նախարարը փողոցով անցնելիս երկու ուսանողի է տեսել, իրենց հետ է խոսել»:

Օրենքի նախագծի կողմնակիցներն պնդում են՝ տարկետման իրավունքի վերացումը լուծելու է սոցիալական արդարության հարցը։ Մինչդեռ, ուսանողների համար սա համոզիչ փաստարկ չէ, և ըստ նրանց՝ նախարարը պետք է նախ ուսումնասիրի, թե ինչու է բակալավրիատում անվճար ընդունված ուսանողների միայն 16 տոկոսը հետագայում շարունակում ծառայությունը։

«Ինչո՞ւ չէ՝ կրթության ոլորտում առկա կոռուպցիան են նաև օգտագործում և փորձում են խուսափել ծառայությունից: Օրինագծի ընդունման դեպքում, եթե տարկետում չլինի, ապա կրթության ոլորտում առկա խնդիրները, կոռուպցիան, կտեղափոխվեն առողջապահության ոլորտ», - պնդում էին նախագծի հակառակորդները:

Ուսանողները չեն հավատում խոստումներին, թե բանակում ստեղծվելու են բոլոր անհրաժեշտ պայմանները գիտությամբ զբաղվելու համար։

Պաշտպանության նախարարի հետ այսօր հանդիպել այդպես էլ ուսանողներին չհաջողվեց։ ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովից հավաքվածներին փոխանցեցին, որ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպելու համար պետք է դիմեն նախարարություն։ Ակցիայի մասնակիցներն էլ ասացին՝ չեն հուսալքվում, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը նամակով կդիմի պաշտպանական գերատեսչությանը և կփորձի ուսանողների մտահոգություններն ու առաջարկները փոխանցել նախարարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG